Հաջիևը չէր կարող մեր միջոցով բան փոխանցել. Էդգար Էլբակյանը պատմում է՝ ինչպես Բաքվում «հարամ արեց» «Հյուսիսային պողոտա» գնալը
Ալիևի հայտնի հայտարարություններն Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում՝ Հայաստանի տեղանունների, «Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով վերադառնալու» մասին, հերթական անգամ հաստատում են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության և Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում զավթելու իր քաղաքականությունը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ խոսելով ներկա գործընթացի և Հայաստանին սպառնացող վտանգների մասին։
«Ադրբեջանական հայատյացությունը նոր չէ, ավելի ճիշտ՝ այնքան հին է, որչափ մենք կարող ենք խոսել Ադրբեջանի հնության մասին, որքան հնություն որ կարող ենք վերագրել այդ պետական կազմավորմանը, և գիտությունն ու պատմությունը ցույց են տվել, որ ադրբեջանական հայատյացությունը շատ հեշտ կանխատեսման գործիք է՝ հասկանալու իրենց քաղաքականության շարժընթացը։

2020 թվականի պատերազմը, բացի բուն պատերազմի արդյունքը, որ ցեղասպանական էր իր քաղաքական հետևանքներով, նաև այդ պատերազմի ընթացքում տեղի ունեցած վայրագությունները ապացույցն էին այն բանի, որ հայկական գիտությունը, որը խոսում էր արմենոֆոբիայի՝ Ադրբեջանում հայատյացության, դրա պետական բնույթի, Ռամիլ Սաֆարովի և այլնի մասին, ճիշտ էր։ Հիմա նույն բանն է, ես Ձեզ հավատացնում եմ՝ էլ ավելի կատաղի չափերով։
Հավատացնում եմ Ձեզ, որ հայատյաց դրսևորումներն ավելի ագրեսիվ են դարձել, և սա նույնպես շատ օրինաչափ է. երբ զոհն արդեն արյունոտ է, գազանն ավելի է կատաղում, ախորժակը բացվում»,- մեկնաբանեց քաղաքագետը։
«2019 թվականի մեր ուղևորության կոորդինատորն ադրբեջանական կողմից նույնպես Հաջիևն էր։ Հիշում եմ՝ դա արդեն Մամեդյարովի անկման շրջանն էր. նա, իհարկե, մինչև 2020-ի հուլիս մնաց արտաքին գործերի նախարար, բայց դիրքերը էլիտայի ներսում թուլանում էին, և այդ այցը, որ փաստացի պիտի Ադրբեջանի ԱԳՆ-ն ներսում համակարգեր, բայց արդեն նախագահականն էր անում՝ Հաջիևի ղեկավարությամբ»,- պատմեց Էդգար Էլբակյանը։
Նա նաև անդրադարձավ Երևանի և Բաքվի միջև քաղհասարակության շփումներին և վերջերս կազմակերպված փոխադարձ այցերին և համեմատելով 2019 թվականին փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած փոխադարձ այցելություններին և մասնավորապես՝ հայ լրագրողների խմբի՝ իր, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի, քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանի այցին Բաքու, նշեց, որ 2019-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած այցելությունը փոխվստահության առանձնակի շեշտադրումներ չուներ, ընդամենը լրագրողների փոխադարձ այցելություն էր՝ միանգամայն այլ իրավիճակում, երբ հայ զինվորները կանգնած էին Ջրականի և Ակնայի առաջնագծում։
«Սրանք մերձիշխանական քարոզիչներ են, բայց դա դեռ իրավիճակի ողբերգականության կեսն է։ Այցից հետո այդ մարդիկ սկսեցին նաև Հաջիևի և Ալիևի արտահաստիքային խոսնակի դերը կատարել»,- վերջերս Բաքու մեկնած քաղհասարակության ներկայացուցիչների մասին ասում է Էդգար Էլբակյանը։
Քաղաքագետը հիշեց, թե Բաքվում գտնվելիս՝ ինչպես է մի օր՝ ուշ ժամին, Հիքմեթ Հաջիևը զանգահարել և հրահանգել կազմակերպիչներին ինչ-որ «տեսարժան վայր» տանել հայ լրագրողների խմբին.
«Այդ տեղն էլ իրենց, պատկերավոր ասած՝ «Հյուսիսային պողոտաներից» էր։ Ես էլ ասացի. «Հա, առաջ այստեղ սեփական տներ կային, մարդկանց հանեցիք-լարեցիք իրենց տներից»։ Զարմացած նայեցին ինձ՝ դո՞ւ որտեղից գիտես։ Մի խոսքով, էդպես «հարամ եղավ» տեսարժան վայր գնալը։ Հասկացրեցի, որ գիշերվա 10։30-11-ն է, հասկացանք, ինչ է, թե Հաջիևն է զանգել, քնահարա՞մ եք անում։ Բայց անձամբ ես այդ մարդուն չեմ հանդիպել, և վստահ եմ՝ նա այդքան «ֆայմ» ուներ՝ հասկանալու համար, որ մենք այն պատվիրակությունը չէինք, որ մեր միջոցով ինչ-որ բան փոխանցեին հայ հասարակությանը։

Դու պիտի քաղաքական փոստատար լինես, որ թույլ տաս՝ քեզ ասեն. «գնա, փոխանցի»։ Դո՛ւ ասա, ձեռդ չոր քարի տա՞կ է. մեդիա չունե՞ս, հարթա՞կ չունես, Թվիթեր չունե՞ս։ Դո՛ւ ասա։ Չէ, սա նոր հնարք չէ. թույլ են տալիս՝ անում են։ Կրկնում եմ՝ մեզ երեքիս, ես, Արտյոմ Երկանյանի և Դավիթ Ալավերդյանի հետ գործակցել եմ հենց այդ այցի շրջանակներում, հավաքական առումով նման բան չէին կարող ասել, որովհետև մենք այդ տպավորությունը չէինք թողել։ Մեզ երբ ասում էին. «5 շրջանը տվեք՝ ինքնավարություն կտանք, կգանք, մանկապարտեզ կսարքենք Ղարաբաղում», ես էլ ասում էի. «Հասկանում եք, չէ՞, որ մարդուն պետք է առաջարկել մի բան, որն ինքը չունի։ Պետք է ավելի լավ բան առաջարկել։ Հիմա մենք ունենք փաստացի Հայաստանի մաս հանդիսացող Ղարաբաղ։ Կարո՞ղ եք ավելի լավ բան առաջարկել»»։
էլբակյանի խոսքով՝ հայերի միջոցով նման ուղերձներ փոխանցելն արվում է հայ ժողովրդի զգոնությունը թուլացնելու նպատակով, ցանկացած ցեղասպանություն այդպես է սկսվում։
Անդրադառնալով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, քաղաքագետը նշեց, որ խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանի դե ֆակտո իշխանություններին պետք է այնպիսի Եկեղեցի, այնպիսի Կաթողիկոս, որը կասի, որ «Արցախը Ադրբեջան է»։ Իսկ ավելի լայն պատկերի մեջ՝ այս ամենի հիմնական պատճառը 2020-ից հետո տարածաշրջանում ուժային նոր հավասարակշռության գոյացումն է, որտեղ շատ մեծ դերակատարում ունեն Թուրքիան և իր տարածաշրջանային արբանյակ Ադրբեջանը։
Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց՝ Արցախի բռնազավթման ու հայաթափման, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի ոչնչացման, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ ս.թ. մայիսին Շվեյցարիայում տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ հայտնած դիրքորոշումներն ու հայտարարությունները, որից հետո Փաշինյանի վարչախումբը սկսեց կատաղի հարձակումը հոգևոր իշխանության վրա, ոչ թե միայն Վեհափառ Հայրապետի, այլ բովանդակ Եկեղեցու դիրքորոշումն է։

«Քանի որ մենք երկար տասնամյակներ հոգևոր-եկեղեցական կյանքից զրկված ենք եղել, նույնիսկ անկախության 30 տարիներն այդ բացն ամբողջությամբ չեն լրացրել, և շարունակում ենք Եկեղեցու մասին դատել աշխարհիկ կառույցների տրամաբանությամբ։ Իրականում Վեհափառ Հայրապետն ուղղակի մարմնացումն է Հայ Առաքելական Եկեղեցու, բայց այդ դիրքորոշումը հանուր եկեղեցական դիրքորոշումն է՝ բազմիցս ամրագրված, տեքստային տեսքի բերված և հրապարակված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներից հետո։ Այլ հարց է, որ եթե որևէ մի կառույց գլխատվում է, ապա ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ։ Բնականաբար, սա է պատճառը, որ առաջին հայացքից մեզ թվում է, որ պայքարը ինքնին Կաթողիկոսի դեմ է՝ որպես նրա անձի, և մասամբ այդպես կարող է երևալ, բայց իրականում պայքարը Եկեղեցու դեմ է, որովհետև Կաթողիկոսն ուղղակի պաշտպանում է Եկեղեցու ընդհանուր ընդունած դիրքորոշումը և ինքը դրա մարմնավորումն է։
Այնպես որ, սա հավաքական առումով Եկեղեցու դեմ պայքար է, էլ ավելի մեծ առումով՝ հայկական ինքնիշխան մտքի, հայկական ինքնիշխան նախագծի դեմ է այս պայքարը»,- ասում է Էդգար Էլբակյանը։
Քաղաքագետի խոսքով՝ եպիսկոպոսաց հայտնի հայտարարությունը ստորագրած և այնուհետև Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները դուրս են եկել Կաթողիկոսի և առաջին հերթին՝ Եկեղեցու դեմ, և այս երկուսը միմյանցից տարանջատելու փորձերը աղանդավորական մտածողության հետևանք են։ Էլբակյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ռազմավարական ծրագիրը շատ պարզ է՝ փաստացի հասնել Եկեղեցու չգոյությանը։
Մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառումը եպիսկոպոսաց հայտարարության տակ առաջին տողով ստորագրած ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի մասին, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ Հայրապետի անունը, և բոլորն էլ հասկանում են, որ առանց թեմակալ առաջնորդի թույլտվության՝ դա չէր կարող լինել, Էդգար Էլբակյանը համաձայնեց դիտարկմանը, որ իր միտքը մոտավորապես այն է եղել, որ Հովնան արքեպիսկոպոսը երկակի խաղ է խաղում։
«Փաստացի, նա միակն է, որ Հայաստանում չէ և դուրս է որևէ տեսակի ֆիզիկական, հոգևոր, սպառնալիքային մարտահրավերներից, որոնք այս իշխանությունը բանեցնում է մյուսների հանդեպ, բայց նաև իր անունը առաջինն է գրված։ Դա ինչ-որ բան նշանակում է, այդպես չէ՞»,- նշեց Էլբակյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

