«Ադրբեջանն ամբողջ աշխարհից զենք է գնում ու կուտակում. ամեն ինչ հնարավոր է փոխել, միայն թե ազգային մտածելակերպով իշխանություն լինի, ոչ թե սրանց նման». Սյունեցի

Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խոսում են խաղաղության մասին՝ հայտարարելով, թե ադրբեջանական կողմը վերջին մի քանի ամիսներին, մասնավորապես՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո չի կրակում, Սյունիքում սահմանին ապրող բնակիչները խաղաղություն չեն տեսնում։ Նրանք իշխանությունների խաղաղության մասին հայտարարություններին չհավատալու տարբեր պատճառներ ունեն։

Նախ, ի տարբերություն իշխանությունների, սյունեցիները լավ գիտեն Ադրբեջանի մարտավարությունը, ավելին՝ այսքան ժամանակ Ալիևի հայտարարություններում որևէ խաղաղասիրական բառ չեն տեսել, դրան զուգահեռ էլ՝ իրենց գերեզմանոցները, հողերի մի մասը Սյունիքում ադրբեջանական վերահսկողության տակ են։

«Եթե Ալիևն ամբողջ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», և ՀՀ իշխանությունը սա համարում է խաղաղության գնացող երկիր, նշանակում է՝ քաղաքականապես հասուն չէ»,- այսպես է կարծում Խոզնավարի բնակիչներից մեկը, ում անունը նրա իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Ըստ նրա, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը վաղը կամ մյուս օրը չի կրակելու, կամ հարձակում չի գործի Հայաստանի վրա։

Կարդացեք նաև

«Եկեք Խոզնավար, մեր գյուղի տարածքի մի մասն ադրբեջանցի զինվորների կողմից օկուպացված է, հեկտարներով օկուպացրել են։ Թուրքի հետ խաղաղությունը բացառվում է, ախր սա դարերի պատմություն ունի, ուղղակի հասկանալ է պետք։

«Խաղաղության» գնացող Ադրբեջանն իր մոտ հայ պատանդների ու գերիների է պահում, օրերս ինչո՞ւ թույլ չտվեցին, որ նրանց այցելեին հայերը, որոնք գնացել էին Բաքու, ու չգիտես՝ ինչո՞ւ էին գնացել, որովհետև այդ մարդկանց գլխավոր նպատակը պետք է մեր գերիներին տեսակցելը լիներ։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունը ճնշումներ չի գործադրում, որպեսզի Ադրբեջանն այդպես չպահի գերիներին։ Ո՞վ է այսօր գերիներով հետաքրքրվում, որ մի հատ էլ Ադրբեջանը թույլատրի կամ չթույլատրի։

Լավ, այդ մարդկանց մեղքը ո՞րն է, որ նրանք այսօր ադրբեջանական գերության մեջ են, ախր նրանք դարերով ապրել են իրենց հողում, հիմա բռնել տարել են, ասում են՝ դուք «հանցագործ» եք։ Բա այդ մարդն իր հողը, իր տունն ու երեխուն չպաշտպանե՞ր»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել էր կրակոցները Խոզնավարի ուղղությամբ, բայց այս տարվա մարտից կրկին սկսել էր կրակել մինչև հունիսի կեսերը։

«Հիմա որ այդ ընթացքում չէր կրակում, պետք է ասեինք՝ վե՞րջ, արդեն խաղաղությո՞ւն է, ախր խաղաղությունը միայն կրակելու բացակայությունը չէ, կարող է չկրակեն, բայց ինչ պետք է իրենք ստանան ու անեն։ Ադրբեջանն ամբողջ աշխարհից զենք է գնում ու կուտակում, ինչի՞ համար է զենք կուտակում։ 1915 թվականին տեղի ունեցածը հիմա էլ կարող է լինել՝ ավելի ահավոր ձևով։ Այն ժամանակ էլ ժողովրդին խաբեցին, զինաթափեցին, բանտարկեցին ու ամեն ինչ հանձնեցին, հիմա էլ նույնն է։

Ով ուրախանում է այս ամենով, նա երկար չի վայելելու այդ ուրախությունը, որպես սահմանի բնակիչ՝ ասում եմ այն, ինչ տեսնում եմ։

Հիմա ամեն ինչ էլ հնարավոր է շտկել, փոխել, միայն մեզ պետք է մի ազգասեր ղեկավար։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորցրել ենք ու այս երկրից պիտի թողնենք ու փախնենք, ամեն ինչ հնարավոր է փոխել, միայն թե ազգային մտածելակերպով իշխանություն լինի, այլ ոչ թե սրանց նման»,- նշում է նա։

Ըստ նրա, Խոզնավարի ու Վաղատուրի դպրոցներն էլ իշխանությունը փակելու է՝ երկու գյուղերի երեխաները պետք է գնան Խնածախ, մեկ տարի անց այդ դպրոցներն այլևս փակ կլինեն։ Բնակիչների մի մասի մոտ այս ամենը դժգոհություն է առաջացրել, մի մասն ասում է՝ կգնա Գորիս, որ երեխան դպրոց գնա։

Եթե գյուղից երիտասարդ ընտանիքները երեխաներով դուրս գան, գյուղում կմնան ծերերը։

«Գյուղի բնակիչների մի մասն անասուններին վերացրել է, անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չկա այլևս գյուղում, դպրոցը փակեն, մարդիկ ինչպե՞ս են աշխատելու։ Մինչև պատերազմը շատ մեծ նպատակներ կային, մարդիկ ակտիվ էին, գնում ու գալիս էին, բայց այս պատերազմից հետո թուրքը եկել՝ մեր հողի մի մասը զավթել ու կանգնել է։ Սա է վիճակը, իշխանությունը թող սրա մասին մտածի»,- ընդգծեց սյունեցին։

Տեսանյութեր

Լրահոս