Եվրախորհրդարանը պատրաստել է «ռազմական Շենգենյան գոտի» ստեղծելու մասին բանաձևի նախագիծ
Եվրախորհրդարանի տրանսպորտի և պաշտպանության հանձնաժողովները պատրաստել են բանաձևի նախագիծ, որը պարզեցնում է զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը ԵՄ-ի տարածքում և ձևավորում, այսպես կոչված, «ռազմական Շենգենյան գոտի»։
Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում:
Ընդգծվում է «ամբողջ Եվրոպայով զորքերի, տեխնիկայի և ակտիվների արագ անդրսահմանային տեղաշարժին նպաստելու անհրաժեշտությունը՝ ապահովելու ռուսական հնարավոր ագրեսիան հետ մղելու պատրաստվածությունը»։
«Սա համաեվրոպական անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու կարևորագույն գործոն է, ինչպես նաև չափազանց կարևոր է արևելյան թևի, մասնավորապես՝ Բալթյան երկրների և Լեհաստանի անվտանգության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պատգամավորներն առաջարկում են ապահովել արագ արձագանքման ուժերի կողմից Եվրամիության ներքին սահմանները խաղաղ ժամանակ երեք օրվա ընթացքում և ճգնաժամային իրադրության դեպքում 24 ժամվա ընթացքում հատելու հնարավորությունը։ Նշվում է, որ ներկայում վարչական, ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների պատճառով ԵՄ տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխումը երբեմն կարող է տևել մեկ ամսից ավելի։
Պատգամավորները ողջունում են հաջորդ երկարաժամկետ բյուջեում ռազմական շարժունակության բյուջեն ավելացնելու և 17 միլիարդ եվրոյի հասցնելու առաջարկը և «խնդրում են ԵՄ երկրներին չկրճատել այդ գումարը, ինչպես տեղի ունեցավ 2021-2027 թթ. բյուջեի հետ, երբ առաջարկվող միջոցները կրճատվեցին 75%-ով»։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ «իսկական «ռազմական Շենգենյան» գոտու ստեղծումը պետք է իրականացվի ամենակարճ ժամկետում»։
Բանաձևի նախագիծը կարող է քվեարկության դրվել Եվրախորհրդարանի դեկտեմբերյան նստաշրջանի լիագումար նիստում։

