Եվրոպայի Մայրամուտն, ուկրաինական պատերազմը և մենք. Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը գրում է. «Եվրոպայի Մայրամուտն, ուկրաինական պատերազմը եւ մենք
ԻՆչ եզրակացություններ անել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ընթացող բանակցություններից: Մինչ այդ հիշենք Շպենգլերի կանխատեսումները նրա հանճարեղ «Եվրոպայի Մայրամուտը» աշխատությունից:
Շպենգլեր, – «Հասուն քաղաքակրթության մարդը արարիչ չէ, այլ սպառող, անհավատ, բայց գիտունիկ, ֆունկցիոներ, այլ ոչ թե հերոս»: Մինչ այդ, դեռևս 100 տարի առաջ, նա ասում էր, որ Արևմուտքը մտնում է իր գոյության վերջին փուլի՝ քաղաքակրթության մեջ:
Սա լիբերալիզմի՝ եվրոպական քաղաքակրթության վերջին փուլի նկարագրությունն է:
Շպենգլեր, – «Փողը դառնում է իշխանության վերջին ձևը, դեմոկրատիան վերածվում է պլուտոկրատիայի»:
Դրա գագաթնակետն է նաեւ այսօրվա Հայաստանի իշխանությունը:
Վերջին հինգ հարյուր տարիներին Եվրոպայի առաջնորդության ժամանակաշրջանն էր, տեխնիկայի, գիտության ծաղկում, հանրային ինժեներիայի զարգացում, միաժամանակ արյունալի պատերազմներ, արտադրական հզորությունների հասցված ստրկավաճառություն, ազատության ու անազատության բարգավաճում, գաղութատիրություն, Աստծո փոխարեն կենտրոնում դնելով Մարդուն:
Եվրոպայի պատմության վերջին հինգ հարյուր տարիները մարդկության ողջ պատմությունն էր ներկայացնում, ստվերելով մյուս հին ու հարուստ մշակույթները:
Ուկրաինական պատերազմի շուրջ ընթացող բանակցությունները կարծես թե այն վերջնագիծն է, որտեղ Եվրոպան աշխարհի կենտրոնից վերածվում է հետնաբեմի: Առաջին անգամ Եվրոպայում արյունալի պատերազմի ավարտը գծում են ոչ եվրոպական երկրները, նրանց կարծիքն անգամ չեն ցանկանում հարցնել:
Ուկրաինայի պարտությունը Եվրոպայի պարտությունն է, և դա այնտեղ շատ լավ են հասկանում, ինչի հետ չեն ցանկանում հաշտվել:
Մեկ այլ մտածող, 20-րդ դարի աշխարհի քաղաքական ճարտապետության հայրերից մեկը, Քիսինջերը, այդպես էր կանխատեսում այդ պատերազմի ավարտն իր մահվանից առաջ:
Հիմա Եվրոպան՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան փորձում են խցկվել ուկրաինական պատերազմի ավարտի բանակցությունների սեղանի շուրջը, սակայն, ինչպես Թրամփն է ասում, չունեն ուժեղ խաղաթղթեր: Առաջ եվրոպական հեգեմոններն էին վճռում աշխարհի ճակատագիրը, հիմա ուրիշներն են վճռում Եվրոպայի ճակատագիրը:
Գիտության մեջ, առաջընթացում, մշակույթում, տնտեսությունում արդեն Եվրոպան չի առաջատարը և ամեն տարի արագ ետընթաց է ապրում: Ուկրաինական պատերազմով Եվրոպան ցանկանում էր պատմության անիվը ետ շրջել, սակայն չստացվեց:
Ուր ենք գնում մենք, որ գնացքն ենք ցանկանում նստել և ուր է դա մեզ տանելու: Սա է այսօրվա հայկական գոյություն չունեցող քաղաքական մտքի գլխավոր մարտահրավերը»:

