Պուտինը կարող է վերջ տալ պատերազմին՝ գլխատելով Ուկրաինայի ղեկավարությանը. Գիլբերտ Դոկտորով
Միջազգային հարաբերությունների վերլուծաբան և պատմաբան, «Պատերազմական օրագրեր. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, 2022-2023» գրքի հեղինակ Գիլբերտ Դոկտորովը (Dr. Gilbery Doctorow, Ph.D.) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններում չի տեսնում Ուկրաինայի երիտասարդությանը ոչնչացնելու մտադրություն, բայց միանշանակ չի համարում շատերի այն համոզմունքը, որ Պուտինը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի կողմնակից է։ Այս մասին նա նշել է նորվեգացի քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում՝ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների մասին։
«Առաջանում է որոշակի խնդիր, թե ո՞ր պահից է աստիճանականությունն ու զգուշավորությունը, որոնք, անկասկած, բնորոշում են պարոն Պուտինի վարքագիծը, որը ձգտում է ամեն գնով խուսափել դեպի միջուկային պատերազմի անդունդը գլորվելուց, իր համար վերածվում բեռի։ Տեսականորեն դա լավ մոտեցում է, բայց գործնականում այն նմանվում է խաղաղեցման, իսկ այդ խաղաղեցումն ամենավտանգավորն է, եթե ձեր նպատակը հակամարտության էսկալացիայից խուսափելն է։
Այնպես որ, կան խնդիրներ։ Ես չեմ տեսնում չարամտություն, ես չեմ տեսնում Ուկրաինայի երիտասարդությանը ոչնչացնելու մտադրություն։ Բավական է նայել ռուսական հեռուստատեսությունը և այն, ինչ նրանք ցույց տվեցին երկու օր առաջ։ Նրանք հարցազրույց էին վերցնում վերջերս Պոկրովսկի շրջակայքից գերի ընկած ռազմագերիներից։ Նայեք նրանց դեմքերին. կան մի քանի հոգի, որոնք մոտ 20 տարեկան են, բայց քիչ չէ նաև 50-60 տարեկանից բարձր մարդկանց թիվը։
Ուկրաինական բանակում շատ են վետերանները։ Ես չեմ ասում, որ նրանց փողոցներից են բռնում և տանում բանակ, բայց շատերին իսկապես փողոցից են բռնում։ Բայց շատերն այնտեղ են, որովհետև հայրենասեր են և պարտավորություն են զգում դուրս գալու և պաշտպանելու իրենց երկիրը։ Զոհվում են ոչ միայն երիտասարդ ուկրաինացիները, այլ ընդհանրապես Ուկրաինայի բնակչության արական մասը։ Ցավոք, տառապում են նաև շատ ռուսաստանցիներ։
Իմ ծանոթները փակ դռների հետևում ասում էին ինձ, որ ցանկանում են, որ այս պատերազմն ինչքան հնարավոր է շուտ ավարտվի։ Ուստի, շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս ամենը շարունակվում, եթե Պուտինը կարող է վերջ տալ պատերազմին՝ գլխատելով Ուկրաինայի ղեկավարությանը»,– մեկնաբանել է Գիլբերտ Դոկտորովը։

