Նայե՛ք ձեր եղունգներին․ ի՞նչ է հուշում եղունգի գույնը, ձևը, ինչո՞ւ է վտանգավոր սև խալը
Ի՞նչն է հանդիսանում եղունգների սնկային հիվանդության, ներաճի պատճառ, ի՞նչ է հուշում եղունգի գույնը, ձևը։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի հետ։

– Ի՞նչ է եղունգի սնկային հիվանդությունը։
– Հասարակության մեջ հաճախ հանդիպող, ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտորոշվում է միայն լաբորատոր հետազոտության հիման վրա, որովհետև եղունգի գույնի փոփոխությունը կամ հաստությունը չի կարող պայմանավորված լինել միայն սնկային հիվանդությամբ։ Մարդը կարող է նաև առողջ եղունգ ունենալ, լաբորատորիայում թեստ հանձնել, ու դրական լինի այն, այսինքն՝ դա չերևացող ինֆեկցիոն հիվանդություն է և ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջացնել եղունգի տարբեր ախտահարումներ։
Վարակվում են հիմնականում հասարակական վայրերից օգտվելիս. լողավազաններ, շոգեբաղնիքներ, մարզասրահներ։
– Ո՞ր ախտանշաններն են հուշում սնկային հիվանդության առկայության մասին։
– Սնկային հիվանդությունը տարիք չի հարցնում։ Եթե մարդիկ նկատում են եղունգի գույնի փոփոխություն, հաստացում, փչվածություն, ապա պետք է անհապաղ դիմել մաշկաբանի, այլապես առաջանում են սնուցման խանգարումներ, հարեղունգային գորտնուկներ և այլն։
– Որպես ախտանշան՝ նշվում է եղունգի տհաճ հոտը․ եղունգը հոտ ունի՞։
– Եղունգի «սպեցիֆիկ» հոտը կլինիկական ախտանիշների մեջ չի մտնում, սակայն դա հուշում է, որ անհապաղ պետք է լաբորատոր հետազոտություն կատարել։ Եվ եթե սունկ չի ախտորոշվել՝ պետք է հիվանդությունը փնտրել այլ հատվածներում, որովհետև լինում են դեպքեր, որ զանազան հիվանդությունների ֆոնի վրա է ի հայտ գալիս։
– Ուրիշի հողաթափերը հագնելը սնկային հիվանդության պատճառ կարո՞ղ է հանդիսանալ։
– Հիգիենային հետևելը շատ լավ բան է․ կան տարրական կանոններ, և պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ամեն մեկն ունենա իր հողաթափերը, գուլպաները։ Եղել են դեպքեր, որ բուժառուն ասել է՝ իմը փոքր էր, հարազատիս գուլպան հագա, կարծում եմ՝ իրենից եմ վարակվել։ Մարդիկ իրար մեջ մեղավոր են ման գալիս։ Եթե ունես առողջ ոտնաթաթ, եղունգներ, ապահովագրված ես նման խնդրից, վարակի հավանականությունը քիչ է։ Կարևոր է եղունգները ճիշտ կտրելը, հաճախակի ոտնաթաթի լոգանք կատարելը, հակասեպտիկ միջոցներ կիրառելը։

– Սա հենց առողջ ոտնաթաթ ունենալու գաղտնի՞քն էր։
– Գաղտնիքներից մեկն էր, սակայն առողջություն ապահովողը բժիշկն ու բուժառուն են։
– Ինչո՞ւ է սնկային հիվանդությունն ավելի բնորոշ ոտքի և ոչ՝ ձեռքի եղունգներին։
– Փորձը ցույց է տալիս, որ, այո, ոտնաթաթի դեպքում սնկային եղունգներն ավելի շատ են հանդիպում, քան՝ ձեռքերի։ Պատճառն այն է, որ տարին 12 ամիս մարդկանց մեծամասնությունը փակ կոշիկ է կրում, տեղի է ունենում խոնավության բարձրացում։ Եթե ունենում են նաև գերքրտնարտադրություն, սա նպաստում է սնկագոյացման առաջացմանը։ Ուստի խորհուրդ է տրվում տաք սեզոնին մոտենալուն պես կրել ազատ, բաց կոշիկներ, որի դեպքում ունենում են ազատ ոտնաթաթ, միկրոֆլորայի բարձրացում, պաշտպանվածություն։
Շատ եմ նկատել՝ բուժառուները հաստ գուլպաներ են հագնում։ Ես դեմ եմ նման գուլպաներին։ Պետք է բարակ լինի գուլպան, որի դեպքում ոտքը ոչ խոնավ է լինում, ոչ շատ չոր։
– Բա ասում են՝ մարդը ոտքերից է մրսում, ինչպե՞ս մնան առանց տաք գուլպայի։
– Եթե կոշիկի մեջ է տաք գուլպա հագնում, բնականաբար, դա ռիսկ է հանդիսանում։ Իսկ եթե տանն ուղղակի կրում է տաք գուլպա, դա նորմալ է։
– Եղունգի գույնը, ձևը կարո՞ղ է հուշել սնկային հիվանդության մասին։
– Եթե կան գունային երանգներ՝ դեղնաշագանակագույն, դեղնականաչավուն կամ մուգ շագանակագույն, եղունգին լինում են բծեր, ճաքեր, մտածում են, որ սնկային հիվանդություն է։ Ոչ։ Այս դեպքում առաջնային է լաբորատոր հետազոտությամբ ժխտելը կամ հաստատելը։ Եթե ժխտվում է, ապա գուցե սնուցման խանգարում է։ 10-ից ավելի սնուցման խանգարումներ կան, որոնք լինում են քրոնիկ հիվանդությունների ֆոնին։
Շատ է տարածված ստորին վերջույթների՝ անոթային, վահանաձև գեղձի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային խնդիրների դեպքում։ Եթե, օրինակ, վահանաձև գեղձի հանգույց կա, դա կարող է բերել եղունգների անատոմիայի խախտմանը՝ գույնի փոփոխություն, ճաք։ Նման դեպքերում, մաշկաբաններից բացի՝ այլ մասնագետների ենք ներառում, որպեսզի ունենանք կոմպլեքս մոտեցում։

– Եղունգների շնորհիվ հաճա՞խ եք շատ վտանգավոր հիվանդություններ բացահայտում։
– Եղունգի տեսքը բավականին մեծ ինֆորմացիա է տալիս բուժառուի օրգանիզմի վիճակի մասին։ Օրինակ, բծերի առկայությունը խոսում է տարբեր վիտամինային փոխանակության խանգարումների մասին, ծակոտանման, ցանցանման պատկերը՝ քրոնիկ մաշկային հիվանդությունների մասին է վկայում՝ պսորիազ, վիտիլիգո, էկզեմա։
Եթե եղունգի վրա սև նշաններ կան, այնքան էլ հանգիստ պետք չէ լինել, որովհետև հարվածից բացի, դա կարող է լինել խալ, իսկ այն կարող է լինել և՛ բարորակ, և՛ չարորակ։ Եղել են դեպքեր, որ տարրական բիծ է եղել և հետազոտությամբ հայտնաբերվել է մելանոմա, ինչն արդեն խոսում է չարորակ քաղցկեղի մասին։ Դրա համար խորհուրդ կտայի մեր հասարակությանը՝ ժամանա՛կ գտեք, նայե՛ք ձեր եղունգներին։
– Կապույտ եղունգների դեպքում էլ ասում են՝ թթվածնային անբավարարություն է։
– Այո։ Սա հիմնականում լինում է անոթային խնդիր ունեցողների և քրոնիկ ծխողների մոտ։ Սպիտակ բիծը հուշում է կալցիումի դեֆիցիտի կամ հակառակը՝ շատ լինելու մասին։ Իսկ մանր բծերի հիման վրա դեպքեր են եղել, որ աուտոիմուն հիվանդություններ են հայտնաբերվել, օրինակ, պսորիազ։
– Գելլաքը դառնո՞ւմ է սնկային հիվանդության պատճառ։
– Շատ են նման դեպքեր հանդիպում։ Բուժառուները հիմնականում մեղքը բարդում են էսթետիկ ծառայության աշխատողների վրա, բայց մատնահարդարը միայն էսթետիկ տեսքն է ապահովում, սակայն, եթե տեսնում են եղունգի գույնի փոփոխություն և այլն, լավ կլինի խորհուրդ տան՝ դիմել բժշկի։ Շիլլաքի, գելլաքի դեպքում եղունգի արտաքին շերտը պետք է «վերցնել», որ էսթետիկ տեսքը երկար պահպանվի, սակայն բժշկական տեսանկյունից վնասվում է մակերեսային շերտը։ Եթե եղունգի ամրությունը թույլ է տալիս, այո, կարելի է օգտվել էսթետիկ ծառայությունից։
Եթե նկատում են փխրունություն, փչվածություն, ճիշտ կլինի բժշկի դիմել։ Նշեմ, որ փչվածության պատճառները շատ են, կարող է լինել եղունգի տակի մաշկի չորություն և այլն, ու երբ եղունգը բարձրանում է վերև, տարանջատվում մսից, պետք է գոնե մեկ ամիս հետևել հիգիենայի կանոններին, օգտագործել խոնավեցնող քսուք, վիտամիններ։ Ովքեր վահանաձև գեղձի հետ կապված թեկուզև թեթև խնդիրներ ունեն՝ խորհուրդ կտամ էսթետիկ ծառայությունից ոչ հաճախ օգտվել:

– Որո՞նք են եղունգի ներաճի պատճառները։
– Ներաճի պատճառները շատ են, հիմնականում հանդիպում է հարթաթաթություն ունեցող մարդկանց մոտ։ Կարող է ներաճի պատճառ լինել նաև սխալ կոշիկ հանգնելը։ Մի խոսք կա՝ «կանանց դժվար է բուժել», իսկ սա կապված է նրա հետ, որ կանայք չեն նայում՝ կոշիկն իրենց հարմա՞ր է, թե՞ ոչ։ Նայում են՝ այսօր դա պե՞տք է հագնեն, թե՞ ոչ։ Փոքր ու անհարմար լինելը նրանց համար չորրորդական է։
Ներաճի երկրորդ պատճառը եղունգի սխալ կտրելն է։ Եղունգն ամիսը մեկ աճում է, ու եթե սխալ՝ թեք, ուղիղ կամ գոգավոր կտրենք, ներաճի հավանականությունը կմեծանա, այն դեպքում, երբ կա մատների դեֆորմացիա՝ թեք են, կամրջանման։ Թեք կտրելը կարող է ընդհուպ քրոնիկական ներաճի հանգեցնել։ Կան սպորտաձևեր, որ ներաճի են հանգեցնում, դա ֆուտբոլն է, բալետը, քանի որ ոտնաթաթի եղունգներն անընդհատ հարվածի տակ են գտնվում։ Կապ ունի նաև գենետիկ ֆակտորը։
Ցավոք, հատկապես կանայք վախենում են դիմել պոդոլոգի՝ մտածելով, որ եղունգը հեռացնելու են, էսթետիկ տեսքը չի լինելու, այնինչ նման բան չկա։ Մարդ կա՝ 6 ամիս ներաճով ման է եկել՝ արյան արտադրությամբ։ Սակայն առանց վիրահատության՝ 30-40 րոպեում ունենում ենք լավ արդյունք, մարդն իր կոշիկը հագնում ու գնում է։
– Տնային պայմաններում հնարավո՞ր է 20 րոպե ոտքերը դնել օճառաջրի մեջ և ազատվել ներաճից։
– Եթե թեթև կարմրածություն է կողմնային թմբիկների վրա, այտուցվածություն՝ խորհուրդ կտայի օգտագործել պերօքսիդի լուծույթներ, «Լևոմիկոլ», թեյի ծառի, նշի, գերչակի յուղ, ծովի աղի վաննաներ, կրել հարմար կոշիկ։
– Վերջերս նորաձև է, կանայք ոտքերի եղունգները մի քիչ երկար են թողնում՝ հատկապես ամռանը։ Դա վնասներ կարո՞ղ է հասցնել։
– Եղունգի երկարությունը կախված է ոտնաթաթի մատի անատոմիայից։ Եթե կողքի թմբիկներն անընդհատ հարվածի տակ են դնում եղունգները, բժշկական տեսանկյունից նորմալ է, որ մի քիչ երկար թողնեն, դա ապահովագրում է ներաճից։ Եթե բժշկական և էսթետիկ տեսանկյունից խնդիր չկա, ապա «ճաշակին ընկեր չկա»։ Ամռանը, երբ բաց կոշիկ են կրում, եղունգը երկար պահել պետք չէ։ Ցուրտ սեզոնին խորհուրդ կտամ ապահովության համար մի փոքր երկար պահել, որ, եթե հարված լինի՝ դրսից լինի։

–Հատկապես ո՞ր հիվանդություններն ունեցողները պետք է զգուշանան եղունգի ներաճից։
– Հիմնականում քրոնիկ, ծանր հիվանդությունների դեպքում, օրինակ, շաքարային դիաբետի։ Ոտնաթաթը թիրախ է հանդիսանում դիաբետի դեպքում, քանի որ անոթային խնդիրներ են առաջանում, նյարդային զգայունությունն է նվազում։ Անգամ թեթև կոշտուկը կարող է աչքաթող արվել ու հանգեցնել ընդհուպ մինչև գանգրենայի։

