Se. 2, ep. 3. Արտոնված հայհոյախոսները
Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ ծանոթացա ռեժիմի պարագլխի ճեպազրույցին, որի ընթացքում վերջինս ասում է. «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի…»:
Պարագլխի հերթական երեսպաշտությանը կարելի էր քմծիծաղով վերաբերվել, եթե վերջինս չշարունակեր հետևյալ նախադասությամբ. «Դուք կասեք ես էլ եմ այդ գործով (հայհոյախոսությամբ զբաղվել), ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»:
Փաստորեն, ռեժիմի պարագլուխը հերթական հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքն է տալիս` այս անգամ ի լուր բոլորի հայտարարելով, որ իր հայհոյախոսությունը «արտոնված» հայհոյախոսություն է, իսկ իր ու իր խմբակի հայհոյախոսությանը պատասխանելը քրեորեն պատժելի արարք:
Ընդհանրապես, սրանց երեսպաշտությունը վաղուց վերածվել է ագրեսիվ ոչնչապաշտության, որտեղ չի գործում որևէ պայմանավորվածություն, որևէ կանոն, որևէ բարոյական մինիմում: Այսինքն, ի՞նչ է դուրս գալիս. Նիկոլն ու խմբակը կարող են հայհոյախոսել, որևէ քրեական հետապնդման չենթարկվել քննչական մարմինների կողմից իրենց խոսույթը հայհոյախոսություն չորակվելու պատճառով, հետո կանգնեն բացահայտ ընդունեն, որ իրենք հայհոյախոսել են և նորից դրան ոչ մի իրավական պրոցես չհետևի:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ է դնում համապատասխան քննիչներին և դատախազներին, որոնք, օրինակ, իմ ասած «հետույք» բառը որակում են անպարկեշտ, բայց օրինակ, նույն ստահակի` մեզ «շան լակոտներ» անվանելն ու պարագլխի ինքնախոստովանական հայհոյախոսությունը համարում են հանցակազմ չպարունակող գեղեցիկ բառակապակցություններ:
Ի դեպ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անձամբ ես 2024 թվականի մարտի 22-ից մինչ օրս հանրային հայհոյախոսությամբ չեմ զբաղվել: Իհարկե, ոչ այն պատճառով, որ դա քրեորեն պատժելի եմ համարում (լրիվ հակառակը), բայց չգիտես ինչու, այսօր բանտում եմ մի ստահակի մատնագրով, որի մատնագրի պարտադրանքի ուժն ավելի բարձր է, քան ոմանց մասնագիտական ինքնասիրությունը: Այսօր տեղեկացա նաև, որ մարդկանց վրա հանրային վայրում թքող և հետո բռնել տվող ստահակն իմ դեմ նաև քաղհայց է ներկայացրել նույն բառերի համար նույն փոդքասթում հնչեցրած:
Սրա ցինիզմի աստիճանն արդեն դուրս է անգամ ամենամեծ ֆանտազիան ունեցող մարդկանց երևակայական տիրույթից: Դրան հարցրեք՝ հիմա էդ խոսքերը բռնել տալու՞ էին, թե՞ քաղաքացիաիրավական տիրույթի, այ «հերոս», կարող ա՞ նույն գործով մի հատ էլ Հաագայի դատարան դիմես: Ու էս ճղճիմ քայլերն անում են իշխանության ղեկին գտնվող անձինք, որոնք, պատկերացրեք` ի՞նչ վիճակում են հայտնվելու իշխանությունը կորցնելուց հետո:
Սա է նիկոլական Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը, որի շղարշի տակ թաքնված են ռեժիմն իր պարագլխով և փոքրիկ խմբակով: Մի տեղ մարդն ասում է «ես հայհոյախոսել եմ և դրա համար գնում եմ եկեղեցի», մյուս տեղում նույն մարդը հրահանգում է մարդկանց բանտարկել «հետույք» բառի համար: Լավ մնացե՛ք, ինչքան որ դա հնարավոր է…
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ
21.11.2025թ.

