Հակաբիոտիկների սխալ օգտագործումը դառնում է լուրջ վտանգ առողջապահության համակարգի համար

Նոյեմբերի 18-ին  նշվում է հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը: Վերջին տարիներին հակաբիոտիկների մասսայական և ոչ ճիշտ օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է լուրջ խնդիր. հանրության մոտ ձևավորվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն:

Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել հանրության գիտելիքները, կանխել հակաբիոտիկների սխալ և առանց բժշկի ցուցման օգտագործումը և պայքարել  հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանի հետ զրուցել ենք առողջությունը պաշտպանելու և հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման ռիսկերի մասին:

Նրա խոսքով՝ կարևոր է մեկ անգամ ևս շեշտել, որ հակաբիոտիկների ոչ ճիշտ կիրառումը կարող է բերել լուրջ և երբեմն անդառնալի հետևանքների առողջապահության ոլորտում։ Հակաբիոտիկային կայունությունը նշանակում է, որ մանրէները դադարում են արձագանքել նույն դեղամիջոցին և ձեռք են բերում դիմադրողականություն։

«Կարելի է ասել՝ մանրէները սովորում են հակաբիոտիկներին, և դրանք այլևս չեն գործում այնպես, ինչպես պետք է»,-ասաց մասնագետը:Դեղագետը ցավով նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ հակաբիոտիկներն ըստ օրենքի դեղատոմսով վաճառվող դեղեր են, Հայաստանում դեռ հնարավոր է դրանք ձեռք բերել առանց դեղատոմսի։

«Շատերը յուրաքանչյուր փռշտոցի կամ հազի դեպքում ինքնուրույն որոշում են, թե որ հակաբիոտիկը կիրառել, մինչդեռ դրանք նախատեսված են ավելի լուրջ վարակների, հետվիրահատական վիճակների և ծանր բարդությունների կանխարգելման համար։

Հակաբիոտիկների ճիշտ օգտագործումը կարևոր է նաև այն պատճառով, որ աշխարհում արդեն մոտ տասնհինգ տարի նոր հակաբիոտիկային մոլեկուլ գրեթե չի ստեղծվել, ինչի հետևանքով առաջացել է նոր հակաբիոտիկների պակաս, իսկ առկա դեղամիջոցների մի մասը արդեն ռեզիստենտ է։ Սա հատկապես ընդգծում է, որ պետք է խնայել և ճիշտ կիրառել այն, ինչ ունենք»,-նշեց մասնագետը:

Խնդրի լուծման համար, ըստ Սիմոնյանի, անհրաժեշտ է խստացնել հակաբիոտիկների դեղատոմսով վաճառքի վերահսկողությունը։ Բժիշկները պետք է առաջնորդվեն ժամանակակից բուժման ստանդարտներով, դեղագործները՝ պահանջեն համապատասխան փաստաթղթերը, իսկ բնակչությունը չպետք է զբաղվի ինքնաբուժմամբ։

Դեղագետը նշեց, որ որոշ բժիշկներ նախկինում հակաբիոտիկների հետ միաժամանակ նշանակում էին նաև հակասնկային դեղեր կամ պրոբիոտիկներ, սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ հակասնկայինները կանխարգելիչ կերպով նշանակել չի կարելի։ Դրանք պետք է կիրառել միայն այն դեպքում, երբ բուժման կուրսից հետո հաստատվում է սնկային վարակ։ Պրոբիոտիկների պարագայում ևս մոտեցումը պետք է անհատական լինի։

Տեսանյութեր

Լրահոս