Բաժիններ՝

Վերջին կանգառը Պորտուում. Ի՞նչ սպասել Պորտուգալիա-Հայաստան խաղից

Ֆուտբոլի Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու F խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին հյուրընկալվում է Պորտուգալիային՝ մրցակցին, որը դեռ պետք է վերջնական կետ դնի իր ուղեգրի հարցում։ Մինչդեռ Հայաստանն այս ընտրական փուլում արդեն դուրս է մնացել պայքարից, բայց թիմը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում խաղադաշտ է դուրս գալիս մեկ նպատակով՝ ցույց տալ մրցակցային ֆուտբոլ և ամփոփել ընտրական շրջանը արժանապատվությամբ։

Հայաստանի հավաքականը՝ մեկ հնարավորությունից մի ամբողջ փորձ

Սկզբից սկսած՝ հայկական թիմը համարվում էր խմբի գլխավոր աութսայդերներից։ Խումբը ծանր էր՝ Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա։ Եվ նույնիսկ այդ պայմաններում մինչ վերջին տուրը Հայաստանի հավաքականը պահում էր մաթեմատիկական շանսը՝ պայքարելու պլեյ-օֆֆի համար։ Սակայն վերջին տուրում Հայաստանի համար վճռորոշ դարձավ Հունգարիայի դեմ խաղը․ 0։1 պարտությունը Երևանում դրեց վերջ բոլոր հույսերին։

Եղիշե Մելիքյանի թիմը խաղից խաղ ցույց է տալիս աճ, բայց այս ընտրական փուլում բացակայում էր կայունությունը։ Գոյություն ունեն նաև կազմի խնդիրներ․
որակազրկված է Տիգրան Բարսեղյանը, իսկ Իվուն և Բիչախչյանը վնասվածքներ ունեն:

Սակայն մարզիչ Մելիքյանը վստահ է՝ թիմը Պորտուգալիայում դուրս է գալու պայքարելու.

«Ճնշում չկա, բայց կա պատասխանատվություն։ Պորտուգալիան լուրջ մրցակից է, բայց ուզում եմ մրցակցային ֆուտբոլ տեսնել։ Պետք է հասկանալ՝ մեր ֆուտբոլիստները որքան են աճել»,– ասել է Մելիքյանը։

Հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը ևս ընդգծեց՝ թիմը մեկ նպատակ ունի՝ խաղալ մինչև վերջ.

«Վերականգնվելու ժամանակը քիչ էր, բայց բոլորը պատրաստ են։ Ունենք խաղային ձեռագիր և պատրաստ ենք մրցել ցանկացած հավաքականի հետ»։

Պորտուգալիան՝ լիդեր, բայց ճշտումների կարիք ունեցող լիդեր

Ռոբերտո Մարտինեսի թիմը այս փուլում գրեթե անթերի էր՝ մինչև վերջին երկու տուրերը։ Սկզբում հավասար խաղ Հունգարիայի հետ Պորտոյում (2։2), հետո արդեն իսկական շոկ՝ 0։2 պարտություն Իռլանդիային Դուբլինում։ Այդ ամենը, սակայն, չի փոխում գլխավոր փաստը՝ Պորտուգալիան իր ճակատագիրը պահում է սեփական ձեռքում։ Հաղթանակը Հայաստանի նկատմամբ նշանակում է առաջին տեղը և ուղեգիր։

Որակազրկված է Կրիստիանու Ռոնալդուն, ինչը միշտ ազդեցիկ կորուստ է թիմի համար։
Բացի դրանից, վնասվածքներ ունեն Մենդեշը, Նետուն, Տավարեշը։

Մարտինեսը, սակայն, չի դրամատիզացնում. նա մամուլի ասուլիսում հայկական թիմի նկատմամբ հարգալից էր և ընդգծեց, որ իրենց նպատակը այն թիմն է, որը իր ուժեղ կողմերը ցույց կտա հենց վաղը.

«Մենք միշտ մեծ պատասխանատվությամբ ենք խաղում։ Տխուր ենք վերջին խաղից հետո, բայց տխրությունը հնարավորություն է։ Հարգում ենք Հայաստանին։ Նրանք խաղաղ, խելացի խաղացողներով կազմված թիմ են և կարող են խնդիրներ ստեղծել»,– ասաց Մարտինեսը։

Մարտինեսը նաև խոսեց Ռոնալդուի կարմիր քարտի և քննադատների մասին:

«Սա ոչ բռնի գործողություն էր, ոչ էլ կարմիր քարտի արժանի միջամտություն։ Ռոնալդուն արձագանքեց շարունակական սադրանքներին»։

Բրունու Ֆերնանդեշ. «Պետք է լինենք Պորտուգալիա՝ անկախ մրցակցից»

Պորտուգալիայի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, ով վերադառնում է որակազրկումից հետո, մամուլի ասուլիսում ևս ընդգծեց՝ իրենք պարտավոր են լինել դոմինանտ.

«Հայաստանը արագ թիմ է, որակյալ կիսապաշտպանությամբ։ Բայց մենք պետք է պարտադրենք մեր ֆուտբոլը։ Մեր նպատակը միշտ հաղթելն է՝ անկախ մրցակցից»։

Ֆերնանդեշը նաև նշեց, որ Իռլանդիայի դեմ պարտությունը չի փոխել թիմի գնահատականները․

«Պարտության դեպքում քննարկումներն ավելի շատ են, բայց վերաբերմունքը չի փոխվում։ Մենք ուզում ենք բարձրացնել Աշխարհի գավաթը։ Դա միշտ եղել է մեր երազանքը»։

Ինչ սպասել խաղից

Հայաստանի հավաքականը այս խաղում թղթի վրա չունի մեծ նպատակներ, բայց ունի մեկ կարևոր առաքելություն՝ վերցնել այն փորձը, որը կարող է ծառայել թիմին հաջորդ փուլերում։ Մելիքյանի ղեկավարությամբ թիմը սկսել է ձևավորել նոր մոտեցում, իսկ Պորտուգալիայի դեմ խաղը հենց այն տիպի փորձությունն է, որը կարող է օգնել հասկանալ ապագա ուղղությունը։

Պորտուգալիան, իր հերթին, խաղադաշտ է դուրս գալիս մաքսիմալ մոտիվացված՝ փակելու խմբի պատմությունը հաղթանակով և ապահովելու ուղեգիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս