Մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացողների ուսերին 12.000 դրամ նոր հարկային բեռ կդրվի. Անուշ Պողոսյան

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2026 թվականի նախարարության բյուջեն՝ այն որակելով պատմական։

Ըստ Ավանեսյանի՝ 2026 թվականի առողջապահության նախարարության բյուջեն պատմական է, քանի որ ներդրվելու է համապարփակ առողջապահության ապահովագրությունը։

Առաջին փուլով, ըստ Ավանեսյանի, 2026 թվականին առողջապահության ապահովագրություն կստանա 1 միլիոն 700.000 ՀՀ քաղաքացի, իսկ ամբողջ բնակչության ապահովագրությունը հնարավոր կլինի կյանքի կոչել երկու-երեք տարում։

Նշենք, որ 2026 թվականի բյուջեով առողջապահության նախարարությանը հատկացվելու է 210 միլիարդ դրամ, 9 միլիարդ էլ նախատեսված է հավելյալ ծախսերի համար։

Կարդացեք նաև

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանից հետարքրքվեցինք՝ արդյո՞ք պատմական է 2026 թվականի առողջապահության նախարարութան բյուջեն, և որքանո՞վ է իրատեսական համապարփակ առողջապահության ներդրումը Հայաստանում։

Ի պատասխան, Պողոսյանը շեշտեց՝ իրոք «պատմական» է, բայց հայ ժողովրդի ուսերին հավելյալ հարկային բեռ ավելացնելու առումով ընդամենը։

«Այո՛, այս բյուջեն պատմական է, որովհետև 50 միլիարդ դրամի բեռ է դրվելու ՀՀ հպարտ քաղաքացիների ուսերին։ Հայաստանում կա 390.000-ից ավելի մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացի։ Նրանց վրա 2026 թվականի հունվարի 1-ից 12.000 դրամ նոր հարկային բեռ է դրվելու, որպես առողջապահության ապահովագրության վճար»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այն փաստաթուղթը, որը քննարկում է ՀՀ Կառավարությունը, այնքան խնդրահարույց է, որ խնդիրներից յուրաքանչուրը կարող է մարդու կյանք արժենալ։

«Բացի այդ, այնպես չէ, որ բոլորի համար կներդրվի առողջապահության ապահովագրություն։ Օրինակ, այսօր Կառավարության նիստում Փաշինյանը քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արեց՝ ասում է, դե, եթե խմում են, ծխում, դեռ հարց է՝ արդյո՞ք պետք է նրանց ապահովագրության համար վճարել։ Կա՞մ ինչ է նշանակում, որ քաղաքացիներին ասել՝ եթե ցմահ հաշմանդամ ես, գնա և նորից անցնի բժշկական բոլոր հետազոտությունները, բայց չէ՞ որ ցմահ հաշմանդամ է համարվում այն մարդը, որի օրգանիզմը բարեփոխման հնարավորություն չունի։ Ստացվում է՝ քաղաքացին պետք է նորից գնա ապացուցի, որ իր ամպուտացված ոտքը չի աճել»,- ասաց Պողոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս