Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ Ալիևին ասե՞լ է` «տարածքները եթե հանձնի, իրեն կսպանեն»

Օրերս Ադրբեջանի  ITV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ ասել է՝ «այս հարցը պետք է լուծվի, ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»:

Բայրամովը շարունակել է, որ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ «բավականին կառուցողական» է եղել՝ «ես նոր եմ իշխանության եկել և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեմ հակամարտությունը լուծելու համար»։

Այնուհետև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսել է 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, որտեղ, ըստ նրա, Փաշինյանը լիովին փոխել է իր դիրքորոշումը:

«Եվ նույնիսկ նախագահին տալիս է հռետորական հարց՝ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»,- պատմել  է Բայրամովը:

Կարդացեք նաև

Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանական պաշտոնյայի այս բացահայտումներին, որի ժամանակ, ի դեպ, լրագրողները հիշեցրել են 2021 թվականին նախընտրական շրջանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած՝ «գժի տեղ դնելու» մասին՝ բանակցություններին առնչվող ձայնագրությունը:

«Բանավոր ժանրը վտանգավոր ժանր է, և նույնիսկ հրապարակային, տեսախցիկների առջև արված հայտարարությունների հետ կապված լինում են տարընթերցումներ՝ հետո պարզվում է, որ մի կողմն այլ բան է ասել, մյուս կողմն այլ բան է հասկացել: Ես կարող եմ ասել, որ էն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, այլ նաև այդ ժամանակ Արտաքին գործերի նախարար չի եղել: Այսինքն, ինքն էլ ուրիշից է լսել, էդ ուրիշն էլ՝ ուրիշից…»,- նշել է Փաշինյանը:

Հակադարձմանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մեջ ձեր ձայնն էր, նա պատասխանել է.

«Այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, և դա եղել է ազատ ժանրի խոսակցություն: Առտնին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդհարձակ և ստեղծագործական»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս