Ժողովուրդ ջան, տարածքներ չհանձնել հնարավոր է, հաստատ եմ ասում. չի կարելի սահմանազատում անել. Թաթոյան

Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման հայտարարություն արեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նրա խոսքով` իշխանությունը բզկտում է ՀՀ անվտագային համակարգը։

«2020 թվականից հետո Ադրբեջանը ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման, վերահսկողության հանձնման ծրագիրը։ Դրանից հետո Փաշինյանը, ՔՊ-ականները իրար հերթ չտալով անընդհատ խոսում էին սրա մասին, բայց իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, մեր սահմանները ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու»,- ասաց նա։

Արման Թաթոյանի խոսքով` իշխանության կողմից այսպես կոչված անկլավները վերադարձնելուց հետո արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը։

«Այն ճանապարհը, որով Արարատից Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան, մեր մյուս բնակավայրերը, նորից էլի տանելու են սարերի, անտառների մեջով, երկրի խորքով ճանապարհներ անցկացնեն ու քայքայեն մեր անվտանգությունը։ Ազատամուտից 20-30 մետր հեռավորության վրա ադրբեջանական վերահսկողություն է լինելու, եթե նրանց զինված ուժերը բերեն տեղակայեն այդտեղ, ու ես համոզված եմ, որ բերելու են։ Կայան բնակավայրը հայտնվում է գրեթե վերացման եզրին։ Արգելափակվում և ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվում դեպի Այգեհովիտ տանող գյուղը, հետո դեպի Վազաշեն տանողը։ Ստիպված ճանապարհները նորից կառուցելու են անտառների միջով, երկրի խորքով՝ բազմաթիվ բարդություններ պատճառելով մարդկանց»,- քարտեզների վրա ցույց տալով մանրամասնեց Արման Թաթոյանը։

Կարդացեք նաև

Հայկական արոտավայրերը, մեր խոտհարքներըն ու հողերը, ըստ Արման Թաթոյանի, հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նա հիշեցրեց, որ այդ տարածքներով անցնում են ինտերնետ մալուխներ, ջրի աղբյուրներ, միջպետական ճանապարհներ։

«Փաշինյանն ասում է՝ սահմանազատման միջոցով ենք վերադարձնելու։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայնորեն, եթե դրա արդյունքում խաթարվում է երկրի անվտանգության համակարգը, եթե մարդկանց կյանքը վերածվում է ուղղակի անհնարինության։ Այնպես որ, սա ՔՊ-ի ու Փաշինյանի քաղաքական որոշումն է, սա միջազգային ոչ մի չափանիշով թույլատրելի չի համարվում»,– ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս