Ռուսաստանը մտահոգված է իսրայելալիբանանյան սահմանին հրադադարի խախտումներով․ Զախարովա
Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի կողմից Լիբանանի հետ սահմանին հրադադարի համաձայնագրի խախտման մասին հաղորդագրությունների աճող թվով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը կապի մեջ է ինչպես Իսրայելի ղեկավարության, այնպես էլ Լիբանանի իշխանությունների և քաղաքական ուժերի հետ, և շփումների ընթացքում քննարկվում են այդ երկրների միջև սահմանին ստեղծված բարդ իրավիճակը և այլ խնդիրներ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք խիստ մտահոգված ենք Իսրայելի կողմից 2024 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի խախտման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակիացող հաղորդագրությունների առնչությամբ: Այս առումով մենք բոլոր ներգրավված կողմերին փոխանցում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության սրման և զինված հակամարտության նոր փուլի», – հավելել է Զախարովան:
Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կշարունակի ջանքերը՝ «Լիբանանի շուրջ և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակի հաստատուն կայունացման շահերից ելնելով»։
Միևնույն ժամանակ, Զախարովան նախընտրել է ձեռնպահ մնալ լիբանանյան լրատվամիջոցների այն հաղորդագրությունների մեկնաբանություններից, որոնց համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, Լիբանանին զգուշացրել է Իսրայելի կողմից հնարավոր հարձակման մասին։
«Ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այս հարցի առնչությամբ բազմաթիվ ենթադրությունները», – նշել է նա։

