Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIPP-ը, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցումը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIPP-ը, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցումը և կամրապնդի տարածաշրջանային կապերը:
Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
«Համատեղ Հռչակագրում ընդգծվում էր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը»,-նշել է նա:
Այհան Հաջիզադեի խոսքով՝ համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների ապահովման եւ անարգել անցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները: «Սակայն հաշվի առնելով, որ այդ երթուղին կմիավորի Ադրբեջանի երկու շրջանները, մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը հասցվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմին։
Վաշինգտոնյան համաձայնագրերի համաձայն՝ սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, փոխայցելություններ են կատարել Ադրբեջանի և Հայաստանի տարածքներ: Նրանք ծանոթացել են տրանսպորտային ուղիներին և ենթակառուցվածքներին։ Մենք շահագրգռված ենք այդ միջանցքի շուտափույթ բացմամբ»,-նշել է Այհան Հաջիզադեն։
Նա նաև հայտնել է, որ միաժամանակ հիմք դրվեց կարևոր նախագծի՝ Կարս-Իգդիր-Դիլուջու երթուղով 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցմանը, որը մեծ ռազմավարական արժեք ունի։
«Մենք կարծում ենք, որ այս նախագծերը կընդլայնեն տարածաշրջանի լոգիստիկ ներուժը և կբարձրացնեն դրա աշխարհառազմավարական նշանակությունը»,- հավելեց նա։

