ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխող նավակի ոչնչացման մասին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նոյեմբերի 6-ին հայտարարել է ամերիկյան ուժերի կողմից Կարիբյան ավազանի միջազգային ջրերում հերթական նավակի ոչնչացման մասին, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման համար։
Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Ինչպես մենք ավելի վաղ ասել ենք, հարվածները թմրաահաբեկիչների նավերին կշարունակվեն այնքան, մինչև նրանք չդադարեցնեն թունավորել ամերիկացիներին», – գրել է Պենտագոնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որն ԱՄՆ իշխանությունները համարում են ահաբեկչական։ Կազմակերպության անունը չի նշվում։
Ինչպես հայտնել է Հեգսեթը, նավակում եղել են երեք «թմրաահաբեկիչներ»։ Նրանք սպանվել են ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածից։
CNN հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ զինվորականները վերջին ամիսներին ոչնչացրել են առնվազն 18 փոքր նավ՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ:

