Բաժիններ՝

Դերենիկ Դումանյանը՝ Ամալյա Նազարեթյանին Ավանի հոգեբուժարան հարկադիր բուժման տեղափոխելու մասին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատրաստվում է վաղը հրաման արձակել՝ քաղաքացի Ամալյա Նազարեթյանին Ավանի հոգեբուժարան հարկադիր բուժման տեղափոխելու մասնագիտական կողմը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ միաժամանակ նշելով, թե փաստաթղթային առումով ամեն ինչ օրինական է: Վերջինս ասաց, թե լրատվամիջոցներում ծանոթանալով կնոջ պատմությանը՝ զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ:

«Ինքն էլ չգիտեր այդ դեպքի մասին: Ինքն էլ զանգեց, հետաքրքրվեց, ասացին, որ իսկապես կինը կարիք ունի ստացիոնար բուժման, բայց ստացիոնար հարկադիր բուժման հետ կապված խնդիրը առոջապահության նախարարությունը չի կարգավորում, դա իր պրոցեդուալ կարգերով գալիս է, և դատարանը որոշում է կայացնում, որ նրա նկատմամբ այս միջոցը պետք է կիրառվի: Մենք կատարող ենք: Ես ընդամենը հետաքրքրվեցի՝ արդյոք այդ կինն այդ պահին ունի՞ խնդիր, ինձ ասացին՝ այո´: Ես վաղը հանձնաժողով եմ ստեղծելու՝ մասնագիտական մասն ուսումնասիրելու համար, որից հետո նոր արձագանքը կլինի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել էր Ամալյա Նազարեթյանի պատմությունը: Խմբագրություն է ահազանգել Երևանի Կոմիտաս 56 հասցեի  շենքի բնակիչներից մեկը՝ ասելով, որ իրենց հարևանուհուն՝ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան. «Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր և օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի (նկարում) երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև:

Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ՝ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ:

Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել էր թերթը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս