«Եկեղեցու վրա քար նետելը թրքաբարո է, 2018 թվականից այս կողմ նույն պահվածքն է՝ հակահայկական». Կարեն Խաչատրյան

Իշխանությունները շարունակում են տարբեր ճանապարհներով պայքարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ փորձելով պառակտել նաև հոգևոր դասին։ Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած կեղծ «պատարագով» Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մայր աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկի» մասին։

168.amհետ զրույցում դերասան, բեմադրիչ Կարեն Խաչատրյանը Հովհաննավանքում տեղի ունեցածը բնորոշեց՝ ուղղակի խայտառակություն։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ մտավորականությունն այս ամենի մասին չի խոսում, մի քանիսն են միայն բարձրաձայնում, Կարեն Խաչատրյանը պատասխանեց.

«Մտավորականության մեծ մասն իրեն շատ վատ է պահում, առավել ևս՝ այն մտավորականները, որոնք եկեղեցուց մեդալներ ու պարգևներ են ստացել, այսինքն՝ գնահատվել են եկեղեցու կողմից։ Նրանց պահվածքը, մեղմ ասած, անբարոյականություն է։ Նրանց պահվածքը խիստ քստմնելի է»։

Կարդացեք նաև

Նա Առաքելական եկեղեցու դեմ այս գործընթացը շատ բացասական է գնահատում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է մասնակցի միայն հոգևորականների մատուցած պատարագներին։

«Ինքս հոկտեմբերի 26-ին Մայր տաճարում էի, մասնակցում էի Վեհափառի կողմից մատուցվող հոգևոր ծեսին։

Վեհափառի օրհնությունն եմ ստացել այնտեղ, ձեռքը գլխիս է դրել ու ասել՝ Աստված պահապան, ասել եմ, որ իրեն էլ Աստված պահապան։ Հավատացեք, այս ամենն իսկապես ինձ համար հուզիչ էր։

Այսօր եկեղեցու վրա քար նետելը, կներեք, բայց շատ թրքաբարո է, ավելին, եթե այս երկրի ղեկավարն իսկապես պետականամետ, նորմալ ղեկավար լիներ, Փաշազադեի հայտարարությունից հետո պետք է մեր եկեղեցին պաշտպաներ։ Պետք է հայտարարեր՝ ո՞վ ես դու, որ մեր Առաքելական եկեղեցուն վատաբանես։ Հասկանո՞ւմ եք, ինքը փոխարենը թիկունք կանգնի մեր եկեղեցուն, հակադարձի այդ Փաշազադեին, թուրքերին զուգահեռ ու նրանց համարժեք արշավ է սկսում եկեղեցու դեմ։

Ինչ ասեմ՝ թրքաբարո պահվածք է, տարիներ շարունակ մենք սա ենք տեսնում, 2018 թվականից այս կողմ նույն պահվածքն է՝ հակահայկական»,- շեշտեց մեր զրուցակիցը։

168.am երեկ գրել էր, թե Ստեփան Ասատրյանի հետ ովքեր են մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած «միջոցառմանը» ու բարձրացել խորան. Մայր Աթոռից հեռացված սարկավագ, ՔՊ-ի երիտասարական կառույցի անդամ մի քանի դպիր։

Տեսանյութեր

Լրահոս