Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում. Ծինփին
Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցողները համաձայնության են եկել երկու երկրների միջև առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում։ Այս մասին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Մեր երկու առևտրատնտեսական խմբերը հիմնարար համաձայնության են եկել մեր հիմնական մտահոգություններն առաջացնող խնդիրները լուծելու հարցում և հուսադրող առաջընթաց են գրանցել», – ինչպես հաղորդում է չինական Xinhua գործակալությունը, ասել է նա։
Ծինփինը նշել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են օգնել միմյանց հասնելու հաջողության և համատեղ բարգավաճման։
«Տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ և ընկերներ։ Սա է մեզ սովորեցրել պատմությունը, և սա է պահանջում իրականությունը», – նշել է նա։
Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ազգային հատկանիշներ, ուստի պատահական չէ ու բնականոն է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ կունենան։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է սահուն կերպով առաջ գնան՝ ի հեճուկս առկա մարտահրավերների։

