Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. Bloomberg
Ակտիվների բռնագրավման աղմկահարույց դեպքերը մեծացրել են ռուսական էլիտայի ներկայացուցիչների մտավախություններն առ այն, որ պետությունը կարող է բռնագրավել իրենց ունեցվածքը, կամ որ իրենք կարող են կորցնել իրենց խնայողությունները: Դրա մասին գրում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրների և փաստաթղթերի՝ մի քանի միլիարդատերեր վերջերս լրացուցիչ ակտիվներ են դուրս բերել Ռուսաստանից՝ բանկային ոլորտի վիճակի վերաբերյալ մտավախությունների ֆոնին:
Աղբյուրները նշում են, որ անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մի քանիսի մոտ նկատվել է ներդրումային պորտֆելների կառուցվածքի փոփոխություն, որը վերջին ամիսներին արագացել է՝ ուղղվելով դեպի կրիպտոարժույթներ, ոսկի, արտասահմանյան անշարժ գույք և մասնավոր ներդրումային ֆոնդեր, հատկապես Պարսից ծոցի երկրներում:
Ռուսաստանցի միլիարդատերերի՝ կապիտալն արտասահման փոխանցելու եղանակները զարգացել են, քանի որ ռուսաստանցիները նոր ուղիներ են փնտրում ինչպես արևմտյան պատժամիջոցները, այնպես էլ Կրեմլի ուշադրությունը շրջանցելու համար: Դուբայի՝ որպես կրիպտոհաբի կարգավիճակն օգնել է ռուսական էլիտային փողեր փոխանցել տարբեր իրավասությունների միջև: Ավելի ու ավելի ժողովրդականություն վայելող այլ ոչ ֆորմալ երթուղիներ են բացվել Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում:

