
Ստեփան Ասատրյանին սովորեցրել են, բայց լավ չեն սովորեցրել. Փաշինյանը նպատակ ունի Եկեղեցին դարձնել ՔՊ-ի քարոզիչ ու կցորդ. Արման Թաթոյան
«Կիրակի օրը Հովհանավանքում Փաշինյանի անմիջական կազմակերպմամբ կատարվելու են արարքներ, որոնք հանցագործություն են։ Այս արարքների կատարմանը նա ներգրավելու է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին»,- այս մասին այսօր ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը սոցցանցային հարթակներում հրապարակած տեսանյութում:
Վերջինս նկատեց՝ Քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե դա կատարվել է ծառայողական լիազորությունն օգտագործելով կամ այդ լիազորությամբ պայմանավորված՝ ազդեցությունն օգտագործելով։
«Նախկին քահանա Ստեփան Ասատրյանի պարագայում ակնհայտ է, որ նա վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը, նաև ակնհայտ է, որ նա ինքը գիտակցում է, որ Փաշինյանն անձամբ կանգնած է իր մեջքին։
Խոսում է 10 հազար մարդ բերելու մասին, խոսում է ուժի դիրքերից, սպառնում է։ Սա նույնն է, որ, օրինակ, ՀՀ որևէ քաղաքացի, որը կապ չունի հոգևորականության հետ կամ հոգևորական չէ, գնա փակվի Հայաստանի վանական համալիրներից կամ եկեղեցիներից որևէ մեկում և ասի. «Դե, մենք 10 հազար հոգով ենք, դուրս չենք գալիս այլևս, եկեք, տեսնենք՝ ոնց եք մեզ այստեղից հանում»։
Ակնհայտ է, որ Ստեփան Ասատրյանի հետ տարվել է նախապատրաստական աշխատանք և տարվում է այդ աշխատանքը, որ նրան սովորեցրել են, բայց նրան լավ չեն սովորեցրել»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նաև հատուկ նշեց, որ իր այս խոսքը նպատակ չունի կոնկրետ պաշտպանել Ամենայն Հայոց կաթողիկոսին կամ նրա անձը, կոնկրետ հոգևորականներին։
«Դուք կարող եք նրանց սիրել կամ չսիրել, դա ձեր գործն է և ձեր իրավունքն է, բայց մենք հիմա կանգնած ենք մեր նվիրական արժեքների պաշտպանության խնդրի առաջ»,- նկատեց նա։
Նախկին ՄԻՊ-ն անդրադարձավ երեք կեղծիքի, որոնք տարածում են անձամբ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
«Առաջին կեղծիքը վերաբերում է նրան, թե իբր Աշխատանքային օրենսգրքով են կարգավորվում հոգևորականին ձեռնադրելու և կարգալույծ անելու հարցերը։ Սա բացարձակ աբսուրդային գաղափար է, որովհետև աշխատանքային իրավունքն ընդհանրապես կիրառելի չէ այս հարցերի նկատմամբ. հոգևորականին ձեռնադրելը և կարգալույծ անելը կարգավորվում են եկեղեցական հոգևոր կանոններով։ Այս մասին մենք նաև հստակ իմանում ենք, երբ ուսումնասիրում ենք Մայր Աթոռի հայտարարությունները, այդ թվում՝ Մայր Աթոռի հայտարարությունը Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու վերաբերյալ, որտեղ Մայր Աթոռը, Ամենայն Հայոց կաթողիկոսը ղեկավարվել է եկեղեցական հոգևոր կանոններով։
Նաև ուզում եմ հատուկ նշել, որ գոյություն ունի միջազգային պրակտիկա, կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնք հստակ ամրագրում են՝ եթե կրոնական կազմակերպությունն ընդունում է այնպիսի որոշումներ, որոնք հիմնված են եկեղեցական կամ հոգևոր կանոնների վրա, ապա այն օրենքները, կարգերը, հրամանները, որոնք ընդունել է խորհրդարանը կամ Ազգային ժողովը, նախարարները, կառավարությունը, կիրառելի չեն սրանց նկատմամբ։ Եվ Ստեփան Ասատրյանը, որն իր խոսքում համեմատություն է անում հայցվորի և պատասխանողի հետ, ակնհայտ է, որ սրանք վերաբերելի չեն մեր գործին, որովհետև չի կարող ո՛չ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ո՛չ Քրեական դատավարության օրենսգիրքը, որ նմանատիպ որևէ այլ ակտ կիրառելի լինեն այս հարցերի նկատմամբ»,- ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:
Հաջորդ կեղծիքը, ըստ նրա, վերաբերում է նրան, թե եկեղեցին եկեղեցականները չեն։ Նրա խոսքով՝ սա ամենատարածված և սիրելի կեղծիքներից է, որ ՔՊ-ն անընդհատ օգտագործում է։
«Շատ ներողություն, եթե եկեղեցին նաև եկեղեցականները չեն, բա ովքե՞ր են այդ դեպքում, ի՞նչ է կազմում եկեղեցին՝ պատե՞րը, քարե՞րը, ծառե՞րը, խոտե՞րը։ Սա նույնն է, որ ասենք՝ Զինված ուժերը զինվորակաները չեն, կամ դպրոցները նաև ուսուցիչները չեն։ Բա այդ դեպքում ի՞նչ է կազմում Զինված ուժերը՝ զորամասի պատե՞րը, քարե՞րը, զինվորական տեխնիկա՞ն։ Չի լինում, չէ՞, այդպես։ Դրա համար Զինված ուժերը նախևառաջ զինվորականներն են, ինչպես և եկեղեցին նախևառաջ եկեղեցականներն են, կամ դպրոցները նաև ուսուցիչներն են։
Արման Թաթոյանը նշեց՝ մյուս կեղծիքը վերաբերում է անձամբ Փաշինյանի խորամանկ ձևակերպմանը, թե իբր ինքը Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, և դա օգտագործելով՝ միջամտում է եկեղեցու ներքին գործերին։
«Այստեղ նախևառաջ պետք է հստակ արձանագրենք, որ եկեղեցին Հայաստանի բոլոր օրենքներով և Սահմանադրությամբ անջատ է պետությունից, պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին գտնվում է պետության պաշտպանության ներքո, և ցանկացած քայլ, որը միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, խախտում է Հայաստանի օրենքները, հետևաբար՝ վարչապետը, որը փորձում է թաքնվել եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու կեղծ շղարշի ներքո, չի կարող խախտել իր լիազորությունները՝ անկախ նրանից, թե ինչ է զգում, ինչ է պատկերացնում, ինչ ներքին պատկերացումներ ունի ինքն իր մասին»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նաև թվարկեց այն հաջորդական քայլերը, թե ինչպես է իրականացվում արշավը եկեղեցու նկատմամբ։
«Սկզբում Փաշինյանը օգտագործեց հայհոյախառն արտահայտություններ, սփռեց ատելություն Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ։ Դրանից հետո տեսան, որ սա չի աշխատում, սկսեցին ներգրավել իրավապահ մարմիններին, որպեսզի կոմպրոմատներ հավաքեն Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ, ընդ որում, այս մասին նաև անթաքույց հայտարարում էին, օրինակ, Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումը դրա վառ օրինակն է, որտեղ Փաշինյանը հայտարարել է, որ հատուկ ծառայություններին հանձնարարել է հենց այսպիսի կոմպրոմատներ հավաքել։
Դրանից հետո շարունակում էր Ֆեյսբուքում գրառումները կամ այլ հարթակներում, որով շանտաժի էր ենթարկում հոգևորականներին և ներկայացնում կոնկրետ տարաբնույթ պահանջներ։ Տեսան, որ սա էլ չի աշխատում, ի՞նչ սկսեցին անել։ Սկսեցին փնտրել կարգալույծ հոգևորականների։ Սա էլ չաշխատեց, սկսեցին փնտրել, որ ամենավտանգավորն է հայոց եկեղեցու միասնականության տեսանկյունից, գործող հոգևորականների միջոցով սկսեցին պառակտել, հիմա էլ շարունակում են հայոց եկեղեցու պառակտելու և քանդելու գործընթացը»,- ասաց նա:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ամենը, այս ողջ քաղաքականությունը, սև ու սպիտակը եկեղեցու ներս տեղափոխելու ռազմավարություն է, և սրանով ի՞նչ նպատակներ է հետապնդում անձամբ Փաշինյանը. նախևառաջ կատարում է ադրբեջանական պահանջները։
«Ադրբեջանի իշխանությունները Հայոց եկեղեցին հռչակել են որպես թշնամական կառույց և 5-րդ շարասյուն։ Այս մասին անընդհատ խոսում է նաև Փաշազադեն, որը նրանց հոգևոր առաջնորդն է։ Փաշինյանը նպատակ ունի սրանով, այս արշավով եկեղեցին դարձնել ՔՊ-ի քարոզիչ և ՔՊ-ի կցորդ, և առհասարակ, երբ ուսումնասիրում ենք հատկապես Փաշազադեի հայտարարությունները, ակնհայտ է, որ Փաշինյանն ու Փաշազադեն գործում են իրար լրացնելով։
Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, սիրելի՛ հայրենակիցներ, որ այս գործընթացն արդեն հակաքրիստոնեական է, հարցն այստեղ պետք է դրվի քրիստոնեության դիրքերի պաշտպանության մասին, վաղուց այն դուրս է եկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու առաքելությունից։ Մի մարդ, որ տապալել է ամբողջ երկրի կառավարումը, ձախողել է բոլոր ոլորտներում, Ազգային ժողովի ամբիոնից երեկ անում է խայտառակ հայտարարություններ, ամենասարսափելի, ծանր հայհոյանքներով, բառապաշարով ատելություն սփռելով է զբաղված։ Իր համար հորինել է Չորրորդ Հանրապետություն և այդտեղ ուզում է նոր եկեղեցական բարքեր, նոր եկեղեցիներ ստեղծել։ Այդ Չորրորդ Հանրապետությունը, հատուկ ուզում եմ ընդգծել, ինձ համար նույնքան կեղծ ու շինծու է, որքան Արևմտյան Ադրբեջան եզրույթը»,- ասաց քաղաքական ուժի ղեկավարը:
Արման Թաթոյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ դեղին մամուլի լրատվամիջոցի ղեկավարի իր կերպարից։
«Ի՞նչ են անում։ Բերում են գործող հոգևորականների, այս վերջերս հատկապես դա շատ տարածված է, բամբասանքի մակարդակի խոսակցություններ են վեր հանում, ինչ-որ ներքին խոսակցություններ տարբեր մակարդակներում, իբր, որ տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի, տարբեր հոգևորականների հետ, ընդ որում, ընդհանրապես ստուգել էլ չես կարող՝ արդյո՞ք նման բան տեղի է ունեցել, թե՞ ոչ։ Հետո էմոցիաներ առաջացնող սուր բառեր է կպցնում դրանց վրա և գալիս է արդեն մարդկանց ուշադրությունը գրավելու համար, մարդկանց վրա ազդելու համար ունենում է ամենածանր ատելություն պարունակող ելույթներ Ազգային ժողովի ամբիոնից։
Ես ուզում եմ՝ հստակ արձանագրենք, սիրելի՛ հայրենակիցներ, որ մենք պետք է նկատի ունենանք, որ մեր եկեղեցին մեր ազգային ինքնության հենասյուներից մեկն է, մշտապես եղել է մեր կողքին՝ Հայոց ցեղասպանության տարիներին, այլ դժվար ժամանակահատվածներում։
Ինքս անձամբ տեսել եմ, թե ինչպես են հայ հոգևորականները Քառօրյա պատերազմի, 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը ձեռքներին՝ կռվում առաջնագծում։ Մենք ունենք հոգևորականներ, որոնք անհետ կորած են, որոնք արիաբար զոհվել են, որոնք վիրավորվել են պատերազմում և մինչև հիմա էլ շարունակում են իրենց ծառայությունը։ Ես ուզում եմ դիմել նաև մեր հայրենակիցներին։
Սիրելի՛ հայրենակիցներ, չպետք է տրվել սադրանքների, պետք է լինենք մեր ազգային արժեքների պաշտպանության դիրքերում, չպետք է տրվենք կեղծիքների, չպետք է հավատանք մի մարդու, ով ասում է՝ ես Ստեփան Ասատրյանի կարգալույծ լինելը չեմ ընդունում այն պարագայում, երբ ինքն ընդունում է նրա ձեռնադրված լինելը նույն Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։ Այստեղ ակնհայտ են այս հակասությունները, ակնհայտ է, որ խոսքը միայն քաղաքական իշխանությունը պահպանելու և ադրբեջանական պահանջները կատարելու մասին է»,- ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:
Նա դիմեց նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
«Սիրելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ օգտագործում է ձեզ՝ իր քաղաքական նեղ շահերի համար, հեղինակազրկում է ձեզ ժողովրդի աչքի առաջ։
Դուք բոլորդ՝ պատվարժան սպաներ, անցել եք ձեր ծառայությունը, ստացել եք բարձր կրթություն, ու հիմա ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ մի մարդ, ով մտածում է միայն իր քաղաքական պաշտոնի համար, օգտագործում է ձեզ, վարկաբեկում է ձեզ։ Ես խնդրում եմ, որ հիշեք նաև՝ դուք մեր հասարակության մասն եք, մեր հոգևորականները կատարել են նաև ձեր երեխաների մկրտությունը, տարբեր ծիսակատարություններ, և մենք բոլորով պետք է լուծենք մեր խնդիրները։
Մենք իրար թշնամիներ չենք, մենք իրար հետ պետք է լինենք, որպեսզի կարողանանք ուժեղացած դուրս գալ այս վիճակից և լուծենք մեր բոլոր խնդիրները։
Աստված պահապան հայոց պետականությանը, մեր ժողովրդին և Հայոց եկեղեցուն»,- եզրափակեց Արման Թաթոյանը: