
«Ամոթալի է․ ամենավատ երազում անգամ չէինք մտածի, որ անկախ Հայաստանի վարչապետը նման լկտի բաներ կանի»․ Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը ամոթալի է համարում ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը։
«Սա ամոթալի դրվագ է հայոց պատմության մեջ և խայտառակություն է։ Եթե որևէ անհատ նման բան աներ, քննադատելի էր, բայց երբ վարչապետն է անում, շատ ավելի վատ է։ Այսպիսի բաներ տեսնելիս՝ ամաչում ենք, որ հայ ենք։ Փաշինյանը մտքին վաղուց էր դրել, որ Գարեգին Երկրորդին հակառակ է ինքը, մանավանդ, երբ պատերազմից հետո Գարեգին Երկրորդը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։
Փաշինյանի մոտ կա խորը ատելություն, վրեժխնդրություն։ Հարցն ավելի թեժացավ, երբ սկսեց խոսել Վեհափառի անձնական կյանքի մասին, շատ լկտի խոսքեր գրեցին թե՛ Փաշինյանը, թե՛ Աննա Հակոբյանը․ դա էլ շատ ամոթալի է։ Ինձ համար հստակ էր, որ ինքը, այդ հարցերը բարձրացնելով, փորձում է ճնշման մթնոլորտ ստեղծել, որ Գարեգին Վեհափառը հրաժարական տա և դուրս գա, բայց ինչպես տեսանք՝ դա չաշխատեց»,– 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ հիմա էլ փորձում են իբր «օրինական» ճանապարհով Վեհափառին դատել։
«Իրապես ամոթալի է, ամենավատ երազում նույնիսկ չէինք կարող մտածել, որ անկախ Հայաստանի վարչապետն այսպիսի լկտի բաներ կանի Վեհափառի դեմ»,- շեշտեց նա։
Իշխանությունները մեկ այլ քայլ էլ էին կատարել վերջին օրերին, մասնավորապես, Արամ Ա կաթողիկոսի կողմից Շահան Սրբազանին Փաշինյանի մոտ ուղարկելու քայլը ներկայացնելով՝ որպես բարեմաղթանք և օրհնություն Փաշինյանին, սակայն, հետո պարզաբանում տարածվեց, և Արամ Առաջինը հստակ ասել է․
«Հայրենի՛քն է մնայունը, այս վարչախումբը՝ գնայունն է, այն չի արժանանալու որևէ ուշադրության, և նրա հետ պայմանավորվելու ամեն փորձ խիստ վտանգավոր է»։
Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ նման քարոզչությամբ իշխանությունները փորձում էին նվիրապետական աթոռնե՞րը միմյանց դեմ հանել։
«Փաշինյանն անընդհատ ապազգային քայլեր է կատարում, մեր սրբությունները ոտնակոխում է, Արարատ լեռը, գերբը և այլն, այսինքն՝ իր համար հարցը միայն եկեղեցին չէ, ամեն ինչ իր համար թշնամություն է։
Դրա համար եմ հաճախ ասում, որ այն տպավորությունն է, որ Ալիևն է Հայաստանում վարչապետի աթոռին նստած, որովհետև Ալիևը նույնը կաներ, ինչ Փաշինյանն է անում։ Նա ամեն ինչ անում է, որ պառակտի, ներքին թշնամություն ստեղծի, ոչ միայն երկու աթոռների, նաև՝ հենց Էջմիածնի հոգևորականների միջև՝ ընդդեմ Վեհափառի, ընդդիմադիր կուսակցություններին է փորձում հակադրել իրար, որպեսզի միայն իրենք լինեն աթոռի վրա։
Փաշինյանն ամեն ինչ արել է, որ ազատվի Վեհափառից, հիմա մնացել է միայն ձերբակալությունը։ Նա ամեն ինչ փորձեց, և հիմա փորձելու է օրինական ճանապարհի տակ քողարկված ներկայացնել հարցը, որպեսզի չասեն՝ դու իրավունք չունես, Սահմանադրության խախտում է․․․ Նա ասելու է՝ Վեհափառն օրենք է խախտել, մենք էլ դատարանի հետ գործ չունենք, դատարանն ինքնակամ է որոշում։
Անշուշտ, ՀՀ-ում դատավորներն ինքնակամ չեն որոշում, Փաշինյանն ինքն էր ասում ՝ ո՞ր դատավորը կհամարձակվի չհետևել իր խոսքին։ Փաշինյանը համարում է, որ դատավորները, ԱԺ-ն, նախագահը, Կաթողիկոսը, հայ ժողովուրդն իրեն ենթակա պետք է լինեն, որովհետև ինքը միահեծան կայսրի նման մի մարդ է։
Փաշինյանը շփոթում է Հայաստանն իր տան հետ, մտածում է՝ կանի այն, ինչ ուզում է, և ոչ ոք իրավունք չունի իր վրա խոսելու։ Հայաստանում ընդդիմախոսներին բանտարկում է, իսկ եթե հակառակորդները սփյուռքում են, կա՛մ չի թողնում օդանավակայանից դուրս գան, կա՛մ էլ վերջերս մտածում էի, որ կթողնի դուրս գան օդանավակայանից, հետո մի պատճառաբանությամբ ձերբակալեն և բանտարկեն։ Այս առումով՝ Փաշինյանը խիստ քայլեր է անում թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերի դեմ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում