
Նոր Զելանդիան կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Նոր Զելանդիան հայտարարել է Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդվում է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի հայտարարության մեջ:
Նշվում է, որ «պատժամիջոցների կրկնական սահմանումն արտացոլում է միջազգային հանրության խորը մտահոգությունն Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ իր պարտավորությունները չկատարելու պատճառով»:
«Նոր Զելանդիան հետևողականորեն աջակցում է միջուկային զենքի չտարածման համար պայքարի դիվանագիտական ջանքերին, և մենք Իրանին հաստատակամորեն կոչ ենք անում վերսկսել բանակցությունները և համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ ամբողջ ծավալով», – հայտարարել է Փիթերսը:
Նախարարը նաև հայտնել է, որ պատժամիջոցները, որոնք ներառում են ֆինանսական սահմանափակումներ և Նոր Զելանդիա մուտքի արգելք, ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին:
«Դրանք նախատեսում են մի շարք սահմանափակումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և մուտքի արգելք պատժամիջոցների ենթակա անձանց համար, ինչպես նաև որոշակի միջուկային և ռազմական ապրանքների ներմուծման և արտահանման արգելք: Նոր Զելանդիայի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են բիզնես վարել Իրանի հետ, 2026 թվականի փետրվարի 1-ից պարտավոր կլինեն պարտադիր պետական գրանցում անցնել», – նշել է նա: