
ՌԴ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը հաջորդեց ԹՊԿ հավաքին․ Մոսկվան փորձում է հավասարակշռել թուրքական ազդեցությունը

Հոկտեմբերի 6-7-ն ադրբեջանական Գաբալայում անցկացված Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 12-րդ երկօրյա գագաթնաժողովին հաջորդեց հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում Կենտրոնական Ասիա-Ռուսաստան 2-րդ գագաթնաժողովը։
Տաջիկստանի Հանրապետության կառավարության քաղաքային նստավայրում տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի գագաթնաժողովը՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ։ Այս գագաթնաժողովին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի ղեկավարները՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, որոնք քննարկեցին տարածաշրջանային համագործակցության արդիական հարցեր՝ առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների աճի խթանում, մարդասիրական կապերի ընդլայնում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդում։
Հայտարարվեց, որ քննարկումներից հետո կայացված որոշումները հիմք կստեղծեն Կենտրոնական Ասիա-Ռուսաստան ձևաչափի մասնակից երկրների միջև համերաշխության և փոխըմբռնման ոգու ամրապնդման համար։
Ըստ էության, Կենտրոնական Ասիայի հենց այս երկրներն էլ ներկայացված են ԹՊԿ-ում, և օրերս Գաբալայում կայացած գագաթնաժողովին մասնակցեցին վերոնշյալ ղեկավարները՝ բացառությամբ Տաջիկստանի ղեկավար էմոմալի Ռահմոնի։ Եվ ստացվում է, որ միևնույն ժամանակ և Թուրքիան է նույն ռեգիոնում քննարկում համագործակցության ընդլայնման հարցը՝ այս անգամ մեծ խաղադրույք կատարելով վաշինգտոնյան պայմանավորվածությունների ու «Թրամփի ուղու» վրա, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», և Ռուսաստանը։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը վերջին տարիներին փորձում են վերածել քաղաքակրթական և աշխարհաքաղաքական նոր հարթակի, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս առաջնորդի դիրքերից։ Անկարան առաջ է մղում թյուրքական ինքնության գաղափարը, որն ընդգրկում է ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական և էներգետիկ օրակարգ՝ «Միջին միջանցքի» (Middle Corridor) շրջանակներում։ Փորձագետները սա դիտում են՝ որպես ՌԴ-ի ազդեցության սահմանափակմանն ուղղված գործընթաց, քանի որ Կենտրոնական Ասիայի մի շարք նախագծեր սկսում են ավելի սերտ կապվել Անկարայի և Բաքվի, ոչ թե Մոսկվայի հետ։
Բնականաբար, սա տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմի ֆոնին, երբ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում ՌԴ դիրքերը թուլանում են և ընդհակառակն՝ էապես ամրապնդվում՝ թուրքական և արևմտյան դիրքերը։ Ուստի ակնհայտ է, որ Թյուրքական երկրների կազմակերպությունն ամրապնդելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերի ֆոնին ՌԴ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի կազմակերպումը և դրանում ՌԴ հետաքրքրվածությունն ունի ռեգիոնալ ազդեցության վերախմբավորման և հավասարակշռման նպատակ։ Այն արտացոլում է Ռուսաստանի ցանկությունը՝ պահպանել իր ավանդական դիրքերը տարածքում, որտեղ ամրապնդվում է Թուրքիան։
ՌԴ-Արևմուտք վերջին տարիների աննախադեպ առճակատման, պատերազմական հռետորաբանության ֆոնին Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, ինչպիսին են Ղազախստանը, որոշ չափով՝ նաև Ուզբեկստանը, Ղրղըզստանը, փորձում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, իսկ Մոսկվան այնուամենայնիվ փորձում է վերականգնել համակարգային երկխոսությունը և հիշեցնել ռեգիոնում իր դոմինանտ դերի մասին, զուգահեռաբար ցանկանալով խոչընդոտել էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի ուղղմանը դեպի Թուրքիա և Արևմուտք՝ շրջանցելով ռուսական տարածքը։
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը փորձում է հակակշռել թուրքական ինտեգրացիային՝ առաջարկելով ավանդական ձևաչափ, համագործակցություն, որը հիմնված է անվտանգության, էներգետիկայի և միգրացիոն կապերի վրա։
Նա նշեց, որ այս գագաթնաժողովը նաև ուղերձ է, որ Մոսկվան ունի ազդեցություն Կենտրոնական Ասիայում և տրամադրված է այն խորացնել։
Նրա խոսքով, ՌԴ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովն արձագանք է Թյուրքական պետությունների կազմակերպության ակտիվացմանը։
«Այն նպատակ ունի ոչ միայն ամրապնդել տնտեսական կապերը, այլև պահպանել Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանի առանցքային կենտրոն։ Սակայն բարդ է կանխատեսել, թե այս փուլում ինչ արդյունք կտան այս ջանքերը, քանի որ Թուրքիան այս ռեգիոնում աշխատել է տասնամյակներ շարունակ, տեղում կոնկրետ աշխատանքներ է ծավալել, այդ թվում՝ քարոզչական, մշակութային, ինչը չէր կարող արդյունք չունենալ։ Եվ դա արվել է ՌԴ գիտությամբ, պարզապես դա անտեսվել է, և կարծես ուշացումով ՌԴ-ն փորձում է արձագանքել մարտահրավերների Կենտրոնական Ասիայում։ Այս ջանքերի արդյունքները ներկայումս արդեն կախված են գլոբալ օրակարգից»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն Կենտրոնական Ասիայում միշտ իրեն դիտարկել է՝ որպես ռազմավարական դերակատար, սակայն վերջին տասնամյակում Կենտրոնական Ասիայի երկրներն աստիճանաբար հեռանում են այս մոդելից՝ զարգացնելով հարաբերություններ Թուրքիայի, Չինաստանի ու Արևմուտքի հետ։
«Եվ այս իրավիճակում այս գագաթնաժողովը ժեստ է, որը ցույց է տալիս Մոսկվայի ազդեցությունը, սակայն հնարավորություն տալիս քննարկել ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները։
Հարավային Կովկասում տեղի ունեցողն ու այս ռեգիոնում տրանսֆորմացիաները փոխկապակցված են միմյանց հետ, կարելի է ասել՝ զարգացումներն այս ռեգիոններում շարունակում են միմյանց, երբեմն դրանք նույնն են, քանի որ գլոբալ խաղացողների նպատակները տարբեր ռեգիոններում նույնն են, ուստի ներկայումս՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ Կենտրոնական Ասիայում՝ այստեղ գուցե ավելի, ՌԴ-ն խնդիր ունի պահպանել լավ համագործակցությունը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։