Բաժիններ՝

ՇՄ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ում նախատեսվող COP17-ի կազմակերպման գործընթացին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային բանկի Կլիմայի փոփոխության խմբի գլոբալ տնօրեն Վալերի Հիքիի հետ: Այս մասին հայտնել է Համբարձում Մաթևոսյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «RESILAND․ Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրին»»,-տեղեկացրել է Մաթևոսյանը:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում որդեգրած հանձնառությունների և քաղաքականությունների իրականացմանը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիային, անտառվերականգնման գործընթացներին և համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

«Հանդիպման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման գործընթացին և Համաշխարհային բանկի ներգրավման հնարավոր ուղիներին՝ համաժողովի արդյունավետ անցկացման և կլիմայական օրակարգի առաջմղման նպատակով»,-նշել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս