Լյովա Խաչատրյան. Հակակարտկայի՞ն են այդ կայաններն, թե՞ կարկտային են, ո՞վ է պատասխան տալու՝ կրակեցի՞ն դրանք, թե՞ ոչ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այս պահին խորհրդարանում ընթացող կարկտահարությունից տուժած համայնքներին փոխհատուցում տրամադրելու մասին հարցի քննարկման ժամանակ, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանում չի ներդրվում հողակտորի պարտադիր ապահովագրություն, որպեսզի գյուղացին փոխհատուցում ունենա արտակարգ դեպքերի ժամանակ:

Ի պատասխան Սերգո Կարապետյանը նշեց. «Ապահովագրական համակարգը նախ ծախսատար է: Ոչ մի ապահովագրական ընկերություն նման ապահովագրություն մեզանում չի իրականացնում: Բացի դրանից՝ գյուղացին էլ պետք է վճարի ապահովագրության համար, բայց դրա հնարվորությունը գյուղացին հիմա չունի: Ապահովագրական համակարգի նախադյալների ստեղծման համար մենք իսկապես մտածել ենք: Ճիշտ եք՝ ժամանակն է, բայց ապահովագրություն պետք է իրականացվի որոշակի ոլորտներում: Կարծում ենք՝ առաջին հերթին պետք է ապահովագրությունը ներդրվի անասնապահության ոլորտում»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հետաքրքրվեց՝ «հակակարտկայի՞ն են այդ կայաններն, ի վերջո, թե՞ կարկտային են: Ո՞վ է պատասխան տալու՝ կրակեցի՞ն դրանք, թե՞ ոչ: Ո՞ւմ մեղքով է, ո՞վ պետք է հատուցի վնասը»:

Ի պատասխան՝ գյուղնախարան ասաց, որ բյուջեն անսահմանափակ չէ, նախարարությունը միշտ կանգնած է եղել գյուղացու կողքին ու աջակցություն է ցուցաբերել իր  հնարավորությունների սահմաններում: «Հակակարկտային կայանները պետք է  կենտրոնացվեն մի տեղ և, ինչպես նշեցի, այս հարցը առաջիկայում կլուծենք»:

Կարդացեք նաև

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց. «Ճի՞շտ հասկացա, որ 20-25 մլդ դրամի կորուստ ունեք, բայց փոխհատուցում եք 2-3 մլն: Ինչո՞ւ եք որոշել այսքան փոխհատուցել: Այս թիվը հնարավորությունի՞ց է գալիս, թե՞ արդարության չափանիշներից: Ս. Կարապետյանն էլ նշեց, որ 100 տոկոս փոխհատուցում ոչ մի տեղ չի լինում և իրենք իրենց հնարավորությունների չափով են աջակցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս