Սիրիայում ջախջախվել է Ալ-Քուսեյրում պաշարված ապստամբներին օգնության շտապող ջոկատը
Warfiles.ru-ի փոխանցմամբ՝ «Աթ-Թաուհիդ» բրիգադի իսլամիստ զինյալների խոշոր ուժերն ուղարկվել են Հոմսի նահանգում գտնվող Ալ-Քուսեյր քաղաք, որը պաշարված է և որի մեծ մասը գրավված է բանակի կողմից:
Բրիգադի ղեկավարները դեռ մայիսի 22-ին էին որոշել իրենց զինյալների մի մասին ուղարկել Ալ-Քուսեյր՝ վերջինիս պաշարմանը վերջ դնելու համար: Այդ նպատակով ձևավորվել է հատուկ խումբ, որի մեջ է մտել տարբեր երկրների լավ զինված ու նախապատրաստված 150-200 զինյալ:
Նույն օրը զինյալների ավտոշարասյունը շտապօգնության միկրոավտոոբուսի ուղեկցությամբ Հալեպից մեկնել է դեպի հարավ՝ Ալ-Քուսեյր: Սիրիական հետախուզությունը մայիսի 22-ին հայտնաբերում է այդ ավտոշարասյունը, և դրա հաջորդ օրը սիրիական զորքերը դարան են պատրաստում:
Դարանում հայտնված զինյալներին հասցվում են նաև ավիահարվածներ, ինչի հետևանքով խմբավորումը մասնակի ոչնչացվում է՝ կորցնելով իր նախկին մարտունակությունը, մնացածը ցրվում են:
Նույն օրը՝ մայիսի 23-ին, սիրիական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալները կանխել են Լիբանանից մի շարք խմբավորումների առաջխաղացումն Ալ-Քուսեյր, որի պաշարման օղակը գնալով ավելի է սեղմվում:
Կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել Ալ-Քուսեյր-Բաալբեկ ճանապարհը, ինչը վերջնականապես կտրել է պաշարման մեջ ընկած զինյալներին զենք մատակարարելու և համալրումներ ուղարկելու հնարավորությունը: