«Համաս»-ի կապիտուլյացիայի հարավկովկասյան հետևանքները․ ինչ սպասել Թրամփի խաղաղության նոր պլանից

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իր որակմամբ, խաղաղություն հաստատելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղափոխվել է Մերձավոր Արևելք, որտեղ արյունալի Գազայի հատվածում ևս ձգտում է աղմկոտ գործարք կնքել։ Այս անգամ Սպիտակ տան ղեկավարն ավելի մարտական է տրամադրված, քան ամիսներ առաջ, երբ առաջարկում էր Գազայի հատվածը վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակում է մնալ համաշխարհային ուշադրության կենտրոնում։

Վերջին ժամերին աշխարհաքաղաքական օրակարգի գլխավոր տեղեկությունն այն է, որ Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը դրական է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանին։ «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակելով պատանդներին։ Այս մասին ժամեր առաջ հաղորդեց «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։ Դրանում է կազմակերպությունը պատրաստակամություն հայտնել բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է մինչև կիրակի երեկո ընդունի Գազայի հատվածում խաղաղության հաստատման իր ծրագիրը: Դոնալդ Թրամփը հավելել էր՝ եթե դա տեղի չունենա, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները կոչնչացվեն: «ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնությունը պետք է ձեռք բերվի մինչև Վաշինգտոնի ժամանակով կիրակի երեկոյան՝ ժամը 18:00-ն: Դրա տակ ստորագրել են բոլոր երկրները։ Եթե համաձայնագիրը ստորագրելու այս վերջին հնարավորությունը չիրականացվի, ՀԱՄԱՍ-ն այնպիսի դժոխքում կհայտնվի, որը նախկինում ոչ ոք չի տեսել: Մերձավոր Արևելքում խաղաղությունն այսպես թե այնպես կհաստատվի»,- ասված էր Թրամփի` Truth Social-ում արված գրառման մեջ:

Ըստ որոշ տեղեկությունների, 20 կետից բաղկացած պլանը լիովին բացառում է ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Գազայի կառավարմանը և ապագայում պաղեստինյան պետության ստեղծման հնարավորություն է թողնում:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, ծրագրի հայտարարությունից կարճ ժամանակ անց Նեթանյահուն կրկին ընդգծել է, որ շարունակում է դեմ հանդես գալ պաղեստինյան պետության ստեղծմանը:

Թրամփի ծրագիրը նախատեսում է Խաղաղության խորհրդի ստեղծում իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումից հետո: ԱՄՆ նախագահն ինքն է մտադիր նախագահել այն: Այս նոր կառույցը կստանձնի Գազայի հատվածի վերահսկողությունը:

Պաղեստինյան խմբավորումը պատրաստ է զենքը հանձնել միայն ազգային բանակով Պաղեստին պետության ստեղծումից հետո։

Սակայն արևմտյան պարբերականները, հղում անելով իրենց արաբական աղբյուրներին, հաղորդում են, որ Թրամփի պլանի վերաբերյալ «Համաս»-ի շրջանում տարաձայնություններ կան։

Լիբանանում «Համաս»-ի խոսնակ Վալիդ Քիլանին հայտարարել է, որ անհնար է հույսեր կապել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածում հրադադարի երաշխիքների վրա։

Նա պարզաբանել է, որ պարոն Նեթանյահուն նմանատիպ համաձայնագիր է ստորագրել Լիբանանի հետ, բայց խախտել է այն։ Խոսնակն ընդգծել է, որ Իսրայելի կողմից հրադադարի խախտումն ակնհայտ կլինի ամբողջ աշխարհի համար, և Իսրայելի վարչապետի դիրքորոշումը «կթուլանա, քան հիմա է»։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից իրական երաշխիքներ չեն կարող լինել»,- ասել է Քիլանին։ Փորձագետներից շատերն անվստահությամբ են ընդունում Թրամփի պլանը, այն համարելով մակերեսային ու կիսատ, հետևաբար՝ անունակ ձևավորել երկարատև խաղաղություն։ Կան նաև վերլուծաբաններ, որ համարում են, որ այսկերպ Գազայի հատվածում իրավիճակի հանգուցալուծումը մոտ է։

Հայաստանի համար ևս իրադարձություններն այս հակամարտության շուրջ կարևոր են։ «Համաս»-ի հնարավոր կապիտուլյացիան էական նշանակություն ունի հարևան Իրանի համար, ի դեպ, հետևանքները կարող են լինել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական-անվտանգային դոկտրինում «Համաս»-ը միշտ դիտարկվել է՝ որպես «առաջնագիծ» Իսրայելի և ԱՄՆ-ի ազդեցության դեմ։ Ուստի «Համաս»-ի զինաթափումն ուղիղ կերպով նշանակում է Իրանի դիրքերի թուլացում և հակաիրանական ճամբարի ամրապնդում։ Դա նաև նշանակում է, որ սա նվազեցնում է ազդեցության լծակները ռեգիոնում։

Հայաստանի համար այս ամենը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ ընդհանուր տարածաշրջանային ռազմավարական միջավայրում։ Իրանի ազդեցության նվազումը սուննիական աշխարհում թուլացնում է նրա պատմական՝ թուրքական, արաբական աշխարհին հակակշռող դերը։ Բնականաբար, սա չի կարող չունենալ հետևանքներ Հայաստանի համար։

Չի բացառվում, որ Իրանը փորձի ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ փոխհատուցելով դիրքերի կորուստը Մերձավոր Արևելքում։ Իրանի դիրքերի թուլացումը և նման գործարքը Արևմուտք–Թուրքիա համագործակցության խորացում ևս կարող է բերել, ինչը կնշանակի ռեգիոնում թուրքական գործոնի էլ ավելի խորացում։ Ի վերջո, Իրանը Հարավային Կովկասում թուրանական միջանցքին դեմ հանդես եկող միակ արտաքին ուժն է, և նրա մերձավորարևելյան առանցքային դաշնակցի կապիտուլյացիան կարող է էական հարված հասցնել Իրանի հակազդող կարողություններին Հարավային Կովկասում։

Այս ամենի հետ մեկտեղ՝ հարկ է նկատել, որ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, թե Իրանն Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակումից հետո ինտենսիվ կերպով վերազինվում է Ռուսաստանի, Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի միջոցով՝ շեշտը դնելով հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցների ձեռքբերման վրա, քանի որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի ՀՕՊ-ը չկարողացավ ամբողջությամբ լուծել ռազմական խնդիրն օդում։

Մեծ աղմուկ բարձրացրեց այս օրերին Իսրայելի Պաշտպանության նախկին նախարար Լիբերմանի գրառումը, որով նա ակնարկեց, որ գուցե Իրանը որոշի զարմացնել Իսրայելին։ Քնեսեթի անդամ Ավիգդոր Լիբերմանը, որը գլխավորում է աջակողմյան «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունը, կարծիք էր հայտնել, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն Իրանի հետ նոր սրացման, որը, ըստ նրա, ամեն օր ամրապնդում է իր ռազմական ներուժը։ «Յուրաքանչյուրն, ով կարծում է, որ Իրանի միջադեպն ավարտվել է, սխալվում և մոլորվում է։ Իրանցիներն արդեն ակտիվորեն աշխատում են։

Նրանք ամեն օր ամրապնդում են իրենց պաշտպանական և ռազմական կարողությունները։ Ատոմային օբյեկտներում աշխատանքները վերսկսվել են։ Զարմանալի չէ, որ առաջատար երկրները վերականգնել են վերականգնման մեխանիզմը՝ Իրանի ռեժիմի դեմ պատժամիջոցների մեխանիզմը։ Թվում է, թե այս անգամ իրանցիները կփորձեն մեզ զարմացնել»,- գրել էր Լիբերմանը Telegram-ում։

Զուգահեռաբար ամերիկացի փորձագետները հայտնում են, որ Միացյալ Նահանգներում ռազմական նախապատրաստություններ են ընթանում: ԱՄՆ-ում, որտեղ Պենտագոնն անվանվեց Պատերազմի նախարարություն, չեն բացառում երկրորդ հարձակում Իրանի վրա:

Այս ռիսկերի կոնտեքստում «Համաս»-ի չեզոքացումը, որպես Իրանի դաշնակից, կարող է Իրանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր հարուցել։

Չէ՞ որ, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարում են, թե ռեգիոնում խաղաղություն է հաստատվել, ադրբեջանական կողմը շարունակում է Սյունիքով անցնող երթուղին, որը համաձայնեցված է՝ որպես TRIPP, կոչել «Զանգեզուրի միջանցք», հայաստանյան հասարակությանն էլ անվանելով հիվանդ հասարակություն։

Տեսանյութեր

Լրահոս