Պատմությունը չի ների նրանց, ովքեր իրենց ձեռքով սև բիծ թողեցին ազատ Հայաստանի պատմության վրա՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների, ինչպիսիք եղել են միայն խորհրդային բռնապետության տարիներին, այն էլ միայն Ստալինի ժամանակ։

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է։

Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածնի Յոթ Վերք տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին, այն սրբավայրերից է, որտեղ Միքայել սրբազանն իր ծառայությունն է կատարել տարիներ շարունակ և որտեղ է նրա տեղը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Փոխարենը նրան այսօր տեսնում ենք ճաղերի հետևում։

Չկա ավելի ծանր անարդարություն, քան հովվին իր հոտից բաժանելն ու Աստծո ծառային հանցագործի պիտակով բանտ նստեցնելը միայն նրա համար, որ նա արտահայտել է իր խղճի ձայնն ու ժողովրդի ցավը։ Պետական իշխանության նման վերաբերմունքը եկեղեցու հանդեպ հրեշավոր սխալ է, որը հարվածում է մեր ազգային արժեքներին ու եկեղեցու սրբությանը։

Հասարակության լայն շրջանակները խորապես շշմած ու զայրացած են այս աննախադեպ քայլից։ Միլիոնավոր հավատացյալներ և քաղաքացիներ չեն կարող ընդունել, որ մի արքեպիսկոպոսը՝ ժողովրդի ցավով խոսող հոգևորականը, պատժվում է պարզապես երկրի առջև կանգնած մարտահրավերների կապակցությամբ իր մտահոգությունը բարձրաձայնելու համար։

Նման կոշտ գործողությունները վարկաբեկում են պետության վարկը ժողովրդի աչքում և խաթարում են պետականության հիմնարար սկզբունքները։ Եթե այսօր պետությունը բռնաճնշում է իրականացնում եկեղեցու դեմ, ապա ո՞վ է լինելու հաջորդը. սա հարց է, որը հնչում է յուրաքանչյուր հայի մտքում։

Մենք՝ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի անդամներս, խստագույնս դատապարտում ենք դատարանի այս անարդար և չափազանց քաղաքականացված վճիռը։

Այս գործելաոճը կրում է հոգևորականներին վախեցնելու և եկեղեցու ձայնը խլացնելու մտադրություն, ինչը երբեք չի հանդուրժվելու մեր ժողովրդի կողմից։

Ուստի Խորհուրդը հայտարարում և պահանջում է՝

1. Անմիջապես ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանին և դադարեցնել նրա նկատմամբ հարուցված շինծու քրեական հետապնդումը՝ դադարեցնելով պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական հաշվեհարդարը։

2. Դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների դեմ ապօրինի հալածանքներն ու քրեական գործերը, որոնք ուղղված են նրանց քաղաքական հայացքների համար պատասխանատվության ենթարկելուն։

Պետությունը պետք է դադարի ուժ գործադրել եկեղեցու նկատմամբ և հարգել հոգևոր առաջնորդների խոսքի ազատության իրավունքը։

3. Հարգել Հայ Առաքելական Եկեղեցու դերը և անկախությունը երկրում ու դադարեցնել արհեստական հակասությունների սրումը պետության և եկեղեցու միջև։

Կոչ ենք անում իշխանություններին վերանայել իրենց վարքագիծը և վերականգնել պետություն-եկեղեցի բնականոն, փոխհարգանքի վրա հիմնված հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովրդի հոգևոր և ազգային միաբանության։

Այս պահանջների անտեսումը միայն կխորացնի այս օրերի խարանը մեր պետության ճակատին և անվերականգնելի վնաս կհասցնի հայ ժողովրդին։

Մենք հավատում ենք, որ արդարությունը ի վերջո պիտի հաղթի, և աղոթում ենք, որ երկրի ղեկավարությունն ուշքի գա ու դուրս գա ստեղծված իրավիճակից՝ բարոյական քայլ կատարելով։

Հակառակ դեպքում պատմությունը չի ների նրանց, ովքեր իրենց ձեռքով սև բիծ թողեցին ազատ Հայաստանի պատմության վրա՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին։ Սա խայտառակություն է մեր օրերում:

Աստված պահապան մեր ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս