Քարոզչական պայքար՝ «նախկինների դեմ», իրական թալան՝ ՔՊ-ականների կողմից

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին շահարկել թալանի թեման։ Ասում է՝ հատիկ-հատիկ թալանը հետ ենք բերելու։

7 տարի է՝ թալանը հատիկ-հատիկ հետ են բերում, այդպես էլ ոչ մեկը չտեսավ՝ ինչպես հետ բերված թալանը, այնպես էլ՝ դրա արդյունքը։ Պարբերաբար հետ բերած թալանի վերաբերյալ թվեր են հրապարակում, բայց հետ բերած թալանը ոչ մի տեղ չի երևում։ Երբեմն էլ նույնը բանը մի քանի անգամ են հետ «բերում»։։ Կարծում են՝ դրանով հատիկ-հատիկը դառնում է տասնապատիկ։

Մինչ հասարակությունն այդպես էլ չի տեսնում 7 տարում հետ բերված թալանը, հիմա նորից որոշել են թալանը հետ բերելու խոստումներով խաբել հասարակությանը։ Այն դեպքում, երբ անցած 7 տարիներին իրենք են իսկական թալան իրականացրել։ Օրը ցերեկով թալանել են պետությունն ու պետական բյուջեն։ Քաղաքացիների խնդիրները լուծելու փոխարեն, պետական բյուջեի հաշվին լուծել են իրենց անձնական խնդիրները։

Իշխանության եկան դատարկ գրպաններով, իսկ հիմա օլիգարխների կյանքով են ապրում, տների ու ավտոմեքենաների տեր են դարձել, միլիոների հետ են խաղում։ Որտեղի՞ց են այդ գումարները, ինչպե՞ս հանկարծ բոլորը հարստացան ու հղփացան։

Կարդացեք նաև

Իշխանության ներսի կոռուպցիան չտեսնելու են տալիս, նախկինների թալանն են պարբերաբար մեջտեղ բերում։  Օրինական ու անօրինական միջոցներով կողոպտում են պետությանը։

Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ կոռուպցիայի մակարդակը պետք է հետևողականորեն և անխուսափելիորեն զրոյացվի, բոլոր դեպքերը պետք է հետևողականորեն քննվեն, և մեղադրյալները պետք է պատժվեն։ Սա է մեր ժողովրդի առաջ մեր ստանձնած հաջորդ կարևոր պարտավորությունը, այս պարտավորությունից մենք ոչ մի միլիմետր չենք նահանջել ու չենք նահանջելու։

Եվ սա ասում է մի մարդ, ում ղեկավարած կուսակցությունն է դարձել  կոռուպցիայի բուն։ Բայց դա, բնականաբար, իրավապահ մարմինները չտեսնելու են տալիս։

Օրերս հայտարարվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է ՔՊ կուսակցության դեմ դեռևս 2022թ. քննվող նվիրատվությունների հետ կապված գործը, որը հարուցվել էր խոշոր չափերի ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։ Խնդիրը բացահայտել էին Organized Crime and Corruption Reporting Project-ն ու CivilNet-ը՝ մեկ առ մեկ հիմնավորելով, որ իշխող կուսակցությունում գործել է կազմակերպված մեխանիզմ՝ քարոզարշավի ֆինանսավորման համար անհայտ ծագման գումարներ ներգրավելու համար։

Ամեն ինչ շատ պարզ էր ու ակնհայտ։ Բայց անգամ այդպիսի գործերն են մնում չբացահայտված, բնականաբար, ոչ առանց քաղաքական իշխանության ու նրա վերադասի միջամտության։

Սպասվող ընտրություններից առաջ՝ սրանով իշխող կուսակցության առաջ կանաչ լույս են վառում հերթական անօրինականությունների համար։

ՔՊ-ի ու ՔՊ-ականների հետ կապված այդպիսի ինչքան սկանդալային գործեր են այս ընթացքում ծածկադմփոց արվել։ Օրինակները բազմաթիվ են, բայց դրանց մասին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խուսափում է խոսել, այլև արդարացնում է։ Պետությունից տասնյակ միլիոններ թալանած մի խումբ մարդիկ, որոնք բոլորն էլ հայտնի են, տարիներ շարունակ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում, նույնիսկ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարից է խոսում։

Կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել են մահակ՝ նախկիններին ահաբեկելու համար։ Սեփական կոռուպցիան չեն տեսնում կամ թաքցնում են։ Երբեմն-երբեմն մանր ձկներ են բռնում, իսկ խոշորներն ազատ լողում են։

Պետական ամբողջ ապարատը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Կարծում են՝ կոռուպցիան միայն կաշառակերությունն է։ Ու եթե վերևներում կաշառակերության դեպքեր չեն բացահայտվում, ուրեմն համակարգային կոռուպցիա չկա։

Ցույց տալու, որ իբր համակարգային կոռուպցիա չկա՝ ներքին օղակների վրա են կենտրոնացել։

Կոռուպցիայի դեմ պայքարի տպավորություն ստեղծելու համար՝ ցածր ռանգի պաշտոնյաների են երբեմն ձերբակալում։ Կարճ ժամանակ հետո գործերը ջրվում են։ Ոչ միայն բաց են թողնում, այլև վերականգնում նախկին պաշտոններին, բայց ցույց են տալիս, թե կոռուպցիայի դեմ են պայքարում։

Թե կարծում են՝  ստորին օղակների պաշտոնյաներն ինքնագլուխ են մտնում կոռուպցիայի մեջ, առանց վերադասի իմացության։ Եթե նման դեպքեր չեն բացահայտում, դա դեռ չի նշանակում, թե վերևները տեղյակ չեն՝ ինչ է կատարվում ներքին օղակներում։

Ժամանակին հայտնի մականուն ստացած նախարար ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնց մեղադրում էին համավարակի ժամանակ ֆինանսական տարբեր մախինացիաներ անելու ու պետական բյուջեի միջոցները յուրացնելու, վատնելու մեջ։ Հետո ի՞նչ եղավ։ Բոլորն «արդարացվեցին», իսկ նախկին նախարարը կրկին նախարարի պորտֆել ստացավ, այս անգամ՝ այլ նախարարությունում։

Անգամ ՔՊ-ականներն էին զարմացել, որ այդ մարդուն Նիկոլ Փաշինյանը կրկին նախարարի պաշտոն է վստահել։  Թե ո՞րն էր այդ վստահության ու մեղադրանքներից ազատվելու գինը, բնականաբար, անհայտ մնաց։

Այդքանից հետո՝ էական էլ չէ, գործը կարճվե՞ց, թե՞ շարունակում է պահեստային տարբերակով քնած մնալ իրավապահների դարակներում՝ հարկ եղած դեպքում արթանալու ակնկալիքով։

Հովանավորչության այն մակարդակը, որը ՔՊ-ականների օրոք գործում է պետական կառավարման համակարգում, կոռուպցիայի դասական դրսևորումներից մեկն է։ Հովանավորչության ու պետական ապարատը յուրայիներով լցնելու նման համատարած երևույթ երբևէ Հայաստանում չի եղել։

Կոռուպցիա ասելով՝ միայն կաշառակերություն են հասկանում։ Իրենց կարճ խելքով՝ հովանավորչությունը բարեգործություն է ու կապ չունի կոռուպցիայի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս