Հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական ապատեղեկատվություն է տարածում․ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Հայ եկեղեցու հասցեին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հասցեին։

Ադրբեջանում կրոնական դավանանքների 5-րդ հանդիպման ժամանակ Փաշազադեն հայտարարել է, թե Հայ առաքելական եկեղեցին իբր «մինչ օրս ռևանշիստական ապատեղեկատվություն» է տարածում։

«Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Մենք ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը»,- հայտարարել է Փաշազադեն:

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանն իբր «մզկիթների հետ մեկտեղ վերականգնում է» Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացել է ավելի մասսայական բնույթ։ Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները:

Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։

Տեսանյութեր

Լրահոս