«Իրականում շատ բաներ դեռ կան, որ պետք է հասկանանք, իմ ենթադրություններն ունեմ… իմ ընկերը չկա, ու սա մեծ ցավ է». Կարեն Մալխասյան

Գիշերը Փարաքարում՝ իր տան բակում, սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։

Ըստ ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Գյումրու «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ,  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերներից է, տեղի ունեցած ողբերգությունից պարզապես ցնցված է։

Կարդացեք նաև

«Այս պահին ինքս չեմ կարող սրա պատճառների մասին խոսել, իրականում շատ բաներ դեռ կան, որ պետք է հասկանանք։ Ես իմ ներքին համոզմունքն ունեմ, իմ ենթադրություններն ունեմ, բայց այս պահին հարցերի չպատասխանեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Մալխասյանը։

Հարցին՝ այդուհանդերձ այստեղ քաղաքական ենթատեքստ տեսո՞ւմ եք, քանի որ Փարաքարի համայնքապետի ընտրություններում Վալոդյա Գրիգորյանը հաղթել էր ՔՊ-ին, Կարեն Մալխասյանը պատասխանեց.

«Բերեք այս հարցերին չպատասխանեմ, թող հստակեցումներ մտցնեն, որից հետո ես միանշանակ կպատասխանեմ։ Հիմա ինձ համար այստեղ կարևորը Վալոդյայի ընտանիքն է, երեխաները, իմ ընկերը չկա, ու սա մեծ ցավ է»։

Հիշեցնենք, որ  Փարաքարում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որին մասնակցում էին 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը: Ընտրությունների արդյունքում Փարաքարի բնակիչների մեծ մասն ընտրեց Վալոդյա Գրիգորյանին։

Տեսանյութեր

Լրահոս