Էթիկայի հանձնաժողովի որոշումն անվավե՞ր կճանաչվի
Հերթական խախտումն է գրանցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքում: Այս անգամ այն արձանագրել է հանձնաժողով դիմած քաղաքացին:
Ռ.Նիկողոսանը, հիշեցնենք, դեռևս անցյալ տարի դիմել էր հանձնաժողով` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստերով վարույթ հարուցելու դիմումով: Այս տարվա ապրիլի 13-ին հարուցված վարույթը հանձնաժողովն ավարտել էր մայիսի 3-ին, ի դեպ, շահերի բախման փաստեր չհայտնաբերելով, և համապատասխան որոշումը փոստային ծրարով ուղարկել դիմումատուին:
Բայց դիմումատուն հանձնաժողովի որոշումը ստացել է 12 օր հետո:
Հենց սա էլ օրենքի խախտում է:
Բանն այն է, որ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 61 հոդվածի 2 կետի համաձայն` «Անհատական իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց, կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք»:
Օրենքի այս պահանջը չկատարելը վկայակոչելով, էլ Ռ.Նիկողոսանը որոշել է վիճարկել Հանձնաժողովի որոշման օրինականությունը և այն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան:
Ի դեպ, նույն պաշտոնյային վերաբերող այս որոշումն ուշացումով է ստացել նաև հանձնաժողով դիմած «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն:
Հհետաքրքրական մի հանգամանք ևս. Ի տարբերություն Ռ.Նիկողոսանի, Վանաձորի քաղաքապետարանում քաղաքապետին վերաբերող որոշումն ընդհանրապես դեռ չեն ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել էր Վանաձորի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գագիկ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին վերաբերող որոշումն էլ հանձնաժողովը կայացրել էր մայիսի 13-ին: Այս դեպքում օրենքով նախատեսված 3 օրվա փոխարեն անցել է արդեն 10 օր:
«ՓԱՍՏԻՆՖՈ»