Էրդողանի կարծիքով՝ Թրամփի հետ իր հանդիպումը կնպաստի հակամարտությունների կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը կնպաստի հակամարտությունների լուծմանը։ Այս մասին նա գրել է թուրքական NSosyal սոցիալական ցանցում։

«Համոզված եմ, որ նախագահ Թրամփի հետ հանդիպումը կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը՝ համընդհանուր խաղաղության մեր ընդհանուր տեսլականի և մեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման շրջանակներում»,- նշել է Էրդողանը։

Նա հայտնել է նաև, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։

Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցել Էրդողանի հետ։

«Նրա հետ աշխատում ենք առևտրային և պաշտպանական բազում գործարքների շուրջ, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների խոշորածավալ գնման, F-16 կործանիչների վերաբերյալ խոշոր համաձայնագրի վերաբերյալ։ Կշարունակենք բանակցությունները F-35 կործանիչ-ռմբակոծիչների վերաբերյալ, որոնք, կարծում ենք, լավ կավարտվեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հունիսի վերջին ենթադրել էր, որ Անկարան և Վաշինգտոնը մինչև 2025 թվականի վերջը կարող են կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից հեռացնելու խնդիրը, որը ծագել էր Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս