Բաժիններ՝

Մարդուն տրվեց մտածելու, ստեղծագործելու շնորհ, որ ճանաչի իր Արարչին

Ինչպիսի՞ն է մարդը, ո՞վ է հոգևորականն ու ի՞նչ առաքելություն ունի…

qahana.am-ը ներկայացնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ զրույցից հատվածներ:

Հարազատ լինենք մեր էությանը և կգնանք դեպի ճշմարտություն

«Մարդ արարածն ունի մտածելու, ստեղծագործելու բանական շնորհ, ինչո՞ւ այն տրվեց, որ Նա ճանաչի իր Արարչին: Երբ մենք ճանաչում ենք մեր Արարչին, մենք գիտենք՝ ինչպես Նրա հետ շփվել: Բավական է, որ մենք հարազատ լինենք մեր էությանը, այն կթակի մեր սրտի դռները, և մենք կգնանք դեպի ճշմարտություն: Եթե մի փոքր ետ գնանք դեպի մեր արմատներ, Մատենադարանի դռները ճռնչալով կբացվեն, ու լույսը կգա»:

Կարդացեք նաև

Հոգևորականի աղոթքի, օրհնության միջոցով գործում է Քրիստոս

«Ո՞վ է քահանան, մարդ է, բայց օծված է և ձեռնադրությամբ ունի իշխանություն՝ քահանայագործելու, ինչպես հաճախ ասում են՝ քրիստոսագործելու: Մարդիկ դիմում են քահանային՝ ասելով. «օրհնեցե՛ք, Տեր հայր», քահանան պատասխանում է. «Աստված օրհնի»: Դա քրիստոսագործություն է, Քրիստոսի օրհնությունն է գալիս դեպի տվյալ անձը: Երբ մոտենում ես քահանային և ցանկանում համբուրել նրա աջը, դա Քրիստոսի աջն է: Հոգևորականները միջոց են, անոթ Սուրբ Հոգու շնորհների բաշխման: Հոգևորականի աղոթքի, օրհնության միջոցով գործում է Քրիստոս՝ Իր զորություններով»:

Դու ճանաչո՞ւմ ես քո հոգևոր ծնողին

«Աստված ստեղծեց ողջ տիեզերքը և մարդուն դրեց որպես իշխան, որ խնամի: Նրան տվեց կարողություն, իշխանություն բոլոր արարածների նկատմամբ: Ընտանիքում հորն ու մորը տրված է իշխանություն զավակի նկատմամբ: Եկեղեցին, իր կառույցով, նման է երկնքին: Երկնային իշխանությունը իջնում է կաթողիկոսից մինչև քահանա: Քահանան կոչվում է հայր, որովհետև նրան տրված է այդ շնորհը: Նա ունի հանձնառություն հովվելու իր հոտին, հոգալու նրանց կարիքները:

Պատահական չէ, որ Քրիստոս Իր առաքյալներին տվեց կապելու և արձակելու շնորհ: Առաքյալները հիմնեցին եկեղեցիներ, ձեռնադրեցին հոգևորականներ: Այդ շղթան շարունակվում է մինչև այսօր: Հիմա հարց, ճանաչո՞ւմ ենք մեր հոգևոր ծնողին: Եթե չենք ճանաչում, տխուր է մեր կյանքը: Եթե ճանաչում ենք, ուրեմն՝ սրտով երջանիկ ենք, քանի որ գիտենք, որ Հիսուս Քրիստոս բնակվում է մեր մեջ և մենք Նրա մեջ:

Եթե չկա հոգևորը, հակառակորդը միշտ պատրաստ է գործելու

«Դժվարանում է մեր վիճակը, երբ գործ ունենք մի հասարակության հետ, որն անտեղյակ է: Անգիտության պատճառով է գալիս նեռը: Եթե չկա հոգևորը, հակառակորդը միշտ պատրաստ է գործելու: Պատահական չէ, որ երբ թարգմանվեց Սուրբ Գիրքը, առաջին խնդիրն էր ստեղծել դպրոցներ: Ես խոսում եմ աստվածգիտության դպրոցի մասին: Ցավոք «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դուրս եկավ դպրոցական ծրագրից: Սա մի փոքրիկ դուռ էր: Կրթությունը պետք է դարձնել ոչ թե նորաձև, այլ աստվածպաշտական: Ցավոք, մեր մտածողությունը մի քիչ այլ է: Մենք շարունակ միայն թերություններ ենք որոնում դիմացինի մեջ: Եթե մարդն ունի հավատ, գիտակցություն, ի վերջո կգնա իր հոգևոր բժշկի մոտ:

Անի Ավագյան

Տեսանյութեր

Լրահոս