Բաժիններ՝

Ինչու է Աստված արարել աշխարհն ու մարդուն, ինչպիսին էր մարդու կյանքը դրախտում

Ինչու է Աստված արարել աշխարհն ու մարդուն

Արարչագործության պատճառը սերն է՝ որպես Աստծու հատկություններից մեկը։ Իր համապարփակ սիրո պատճառով Աստված կամեցավ ստեղծել էակներ, որոնք մասնակից կլինեին Իր կատարելությանը։ Ուստի արդարացիորեն գրվում է, որ այն ամենը ինչ Նա ստեղծեց «շատ լավ է» (Ծննդ․ 1։31)։

Եկեղեցու հայրերի ուսմունքը հանրագումարի բերելով՝ սրբակյաց Հովհան Դամասկոսցին գրում է արարչագործության պատճառի մասին․ «Այսպիսով, քանի որ բարեգութ Աստված չէր բավականանում Ինքն Իր հայեցությամբ, այլ անսահման բարեգթությամբ կամեցավ արարել էակներ, որոնց կարող էր բարերարություն անել և մասնակից դարձնել Իր ողորմածությանը, ոչնչից Նա կյանքի է կոչում և արարում տիեզերքը՝ տեսանելի ու անտեսանելի աշխարհը, և մարդուն, որը բաղկացած է երկու տարրերից՝ տեսանելի և անտեսանելի։ Աստված ունի մտադրություն և արարում է, և միտքը դառնում է գործ, լցվում է Բանով և ավարտվում Հոգով»։

Ինչպիսին էր մարդու կյանքը դրախտում

Կարդացեք նաև

Դրախտը սուրբ վայր էր, Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդուն արժանի կացարան, որտեղ նա ապրում էր՝ վայելելով Աստվածային հատկությունները, որոնք ամփոփված էին իր էության մեջ։ Գերազանցության զգացումը և այն, որ ինքը իշխում է բոլոր արարածներին հատուկ էին մարդուն։ Նա անկիրք էր, չուներ հոգսեր, ազատ էր բազմազբաղությունից։ Միակ զբաղմունքը, որ ուներ, հրեշտակային զբաղմունքն էր՝ մշտապես ու անդադար օրհներգել Արարչին։

Աստվածնմանության լիակատարությունը, որն ուներ մարդը, կասկածների կամ որևէ տարակուսանքի տեղ չէր թողնում նրանում, իսկ Աստվածային համապարփակ սիրո լիակատարությունը բավականություն էր պատճառում նրան։ «Աստվածային շնորհով զգեստավորված, մարդն ապրում էր հրաշալի, իր գեղեցկությամբ անհամեմատելի մի վայրում՝ Աստծուն ունենալով իրեն բնակակից և վայելելով միակ քաղցրագույն պտուղը՝ Նրան հայելը» (Հովհան Դամասկոսցի)։

Գոյություն ունի՞ արդյոք այն բավականությունից ավելի վեհ որևէ բան, որը զգում ես, երբ նա, ում սիրում ես, կողքիդ է, քոնն է, հատկապես, երբ խոսքն Աստծու մասին է։

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս