
Ո՞ւր են գնալու «Երջանկության ճանապարհ» կենտրոնի՝ մտավոր զարգացման խնդիր ունեցող 18-65 տարեկան շահառուները․ էլ պետք չի՞ պաշտպանել այս անձանց

Մտավոր զարգացման խնդիր ունեցող 18-65 տարեկան անձանց ցերեկային զբաղվածության կենտրոնից՝ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունից 168․am-ի խմբագրություն են ահազանգել մի քանի ծնողներ՝ նշելով, որ Կառավարության սահմանած հնգամյա ժամկետն ավարտվել է, և իրենց հարազատների համար երկրորդ տուն դարձած խնամքի կենտրոնը փաստացի զրկվելու է տանիքից։
Դեռ 2020 թվականի մայիսին էր կառավարությունը Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 մլն 848 հազար դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով տարածքը հետ վերցրել «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
168․am-ը կապ հաստատեց «Երջանկության ճանապարհ» կազմակերպության նախագահ Գուրգեն Զուռնաչյանի հետ՝ փորձելով տեղեկանալ կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Հինգ տարին լրացել է, ԿԳՄՍ նախարարությունը հետ է վերցնում շենքը, երեխաները դուրսն են մնում։ Օրերս ես փոխնախարարին հանդիպեցի, ասում է՝ դիմում ուղարկեք նախարարին, հասկանանք՝ ոնց կարող ենք ձեզ օգնել, գտեք շենք, որ կարողանաք տեղափոխվել։ Նույն շենքում մնալու տարբերակ չունենք․ ում՝ ինչ տվել է ԿԳՄՍՆ-ը, հետ է վերցնում․ չգիտեմ ինչ ծրագիր իրականացնելու համար,- թեմայի առնչությամբ մանրամասնեց հ/կ նախագահը և հավելեց,- Ուրիշ տարածք առաջարկվեց այս ընթացքում, բայց ես այս տարածքը վերակառուցելու, նորոգելու համար 150. 000 դոլարից ավելի արդեն ծախսել էի ու այժմ գումար չունեմ, որ մեկ այլ շենք տան, նորից վերանորոգեմ, հարմարեցնեմ այդ անձանց»։
Տեղեկացանք նաև, որ այս պահին կենտրոնից օգտվում է շուրջ 30 անձ, իսկ խնամք ասվածը լուծում է ոչ միայն այդ անձանց սննդի հարցը, այլև զբաղվածության։
«Ունենք հացի, կարի արտադրամաս, ունենք այգի, ու ամեն ինչ անում ենք, որ իրենց 0 կետից հասցնենք ամենաբարձր աստիճանի, ի դեպ, նաև ունենք աշխատողներ խնամքի կենտրոնի շահառուների շրջանակից, որոնք աշխատավարձ են ստանում, ունենք թատրոն»,- հավելեց Գուրգեն Զուռնաչյանը։
Մեզ հետ կապ հաստատած ծնողներն ասում են՝ թեև կազմակերպությունը տարածքն ազատելու մասին պաշտոնական նամակ է ստացել, սակայն հույս ունեն, որ որևէ այլընտրանք կառաջարկվի։
Հիշեցնենք՝ հինգ տարի առաջ, երբ կառավարությունը այս հ/կ-ին տարածք հատկացնելու մասին որոշում էր հանրայնացնում, որոշման հիմնավորման մեջ ասվում էր՝ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն ու հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից»:
Ո՞ւր կորավ այս նպատակը։