
Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելու պահանջով՝ կապված երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի մշտական ներկայացուցչությունը, որը սեպտեմբերին նախագահում է կառույցում։
«Լեհաստանը ներկայացրել է պահանջ: Քննարկումներ են ընթանում դրա անցկացման օրվա վերաբերյալ», – լրագրողներին հայտնել է մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Անվտանգության խորհրդի հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 12-ին:
Լեհական զինված ուժերը սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – հայտարարել էին Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունից։