Ընդդիմությունն «Ապահով Հայաստանում»

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովին ներկայացրեց «նոր կառավարության» գործունեության ծրագիրը: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները` նրան չխնայելով, բազմաթիվ սուր հարցեր ուղղեցին, հերթական անգամ բացահայտեցին անցած տարիներին կառավարության հանցավոր անգործությունը, վարչապետն էլ՝ իր բնորոշ պաթետիզմով, պատասխանեց բոլոր հարցերին, մեղադրեց ընդդիմությանը՝ «կույր լինելու», դրական փոփոխությունները տեսնել չցանկանալու մեջ: Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածի նկարագրությունը կարելի է երկար շարունակել, բայց դա մեր իրականության հետ կապ ունի գրեթե այնքան, որքան կառավարության խոստացած, կատարած ու չկատարած քայլերը՝ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի հետ:

Տարիներ շարունակ հնչող այն գնահատականը, որ իրականում գոյություն ունի երկու Հայաստան` պաշտոնական քարոզչությամբ ներկայացվող «պլպլան երկիր» ու իրական կյանքով ապրող Հայաստան, որոշակիորեն նոր երանգավորում է ստացել: Առաջին` «քարոզչական Հայաստանի» մեջ է մտել նաև ընդդիմությունը, որը խորհրդարանական քննադատությամբ ընդամենն ավելի վառ երանգ է հաղորդում «ոստոստուն տեմպերով ժողովրդավարացող Հայաստանին»: Երկրորդ Հայաստանում քաղաքացիներն են, մարդիկ, ովքեր այլևս չեն վստահում ու չեն ապավինում ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը: Վերջին շրջանում գրեթե ամեն օր Հայաստանում բողոքի տարբեր ակցիաներ են տեղի ունենում` կարկտահարությունից տուժած գյուղացիները ճանապարհներ են փակում, բանակում սպանված զինծառայողի ծնողները դիմում են ծայրահեղ քայլերի, «Նաիրիտի»` աշխատավարձ չստացած աշխատակիցները պատրաստվում են հերթական ակցիայի, և այդպես շարունակ: Լայն իմաստով` այս իրավիճակը վկայում է ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության չգոյության մասին:

Տարիներ շարունակ բողոքի տեղային ակցիաներ չէին կազմակերպվում նաև այն պատճառով, որ առկա էր հզոր ընդդիմություն, որի ձևակերպած քաղաքական պահանջների մեջ քաղաքացիները տեսնում էին նաև իրենց կենցաղային, կենսական նշանակության խնդիրների լուծումը: Ընդդիմությունը չկարողացավ բառի բուն իմաստով տեր կանգնել քաղաքացիների վստահությանը, այն փոխարինեց կուլիսային, ստվերային գործարքներով ու իշխանական համակարգին ինտեգրվելու հնարավորությամբ: Արդյունքում՝ նույն ընդդիմության կողմից ոչ լեգիտիմ որակվող իշխանության հետ գոյակցության արդյունքում ոչ լեգիտիմ դարձավ նաև ընդդիմությունը, ում հասարակությունն արդեն հավատում է գրեթե այնքան, որքան իշխանությանը:

Այսինքն՝ չի հավատում: Այս իրավիճակն առաջին հայացքից` դրական տարրեր պարունակելով (քաղաքացիների ինքնագիտակցության, սեփական իրավունքների համար անձամբ պայքարելու տեսնակյունից, և այլն)` հղի է նաև անկանխատեսելի հետևանքներով: Ակնհայտ է, որ իշխանությունն արդեն իսկ զգում է այդ վտանգը և փորձում է «տեղերում» ինչ-որ զսպող գործողություններ կատարել: Սակայն, երբ մարդկանց փողոց դուրս բերող խնդիրները մնում են չլուծված, «տեղային զսպումները» կարող են զսպանակի էֆեկտ ունենալ: Այդ դեպքում արդեն անգամ «տիտղոսային» ընդդիմությունը կարող է չփրկել:

Տեսանյութեր

Լրահոս