Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է

Թուրքիայի Քոնյա և Սպարտա նահանգների միջև գտնվող Բեյշեհիր լիճը, որն այդ երկրի ամենամեծ քաղցրահամ լիճն է՝ 656քկմ մակերեսով, անմխիթար վիճակում է: Կլիմայական փոփոխության և գյուղատնտեսական ոռոգման սխալ կազմակերպման պատճառով լճի ջուրը 300 մետր հեռացել է ափերից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բեյշեհիրի ջրային կուլտուրաների կոոպերատիվի նախագահ Հասան Քուրթը նշել է. «Բեյշեհիր լիճը մահացել է: Ցավակցում եմ ողջ Թուրքիային»: Նա ավելացրել է, որ իրենց համար այլևս Բեյշեհիր լիճ գոյություն չունի:

Լիճը, որը 400-ից ավելի ձկնորսների համար ապրուստի աղբյուր էր, և ծառայում էր նաև գյուղատնտեսական ոռոգմանը, այժմ ցամաքում է և աստիճանաբար վերածվում խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Քուրթը նշել է, որ խնդրի հիմնական պատճառներից մեկը լիճը սնող աղբյուրների առջև գյուղատնտեսական նպատակներով կառուցված ամբարտակներն են: Նա առաջարկել է Աքչայից հոսող ջուրը 36կմ հեռավորությունից բերել Բեյշեհիր լիճ՝ խնդիրը լուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս