
Զելենսկին ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակել գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոյին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոյին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատար, հայտնում է РБК-Украина-ն։
Մինչև այդ նա ղեկավարում էր «Կենտրոն» օդային հրամանատարությունը, որը պատասխանատու է Կիևի երկնքի պաշտպանության համար։
Անատոլի Կրիվոնոժկոն ծնվել է 1965 թվականի հուլիսի 23-ին։ 2006-2008 թվականներին գլխավորել է Իվանո-Ֆրանկովսկում տեղակայված տակտիկական ավիացիայի 114-րդ բրիգադը։ Դրանից հետո նա զբաղեցրել է ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Կրիվոնոժկոն պատերազմի հենց սկզբից անմիջական մասնակցություն է ունեցել դրան։
2015 թվականին Կրիվոնոժկոն գլխավորել է «Կենտրոն» օդային հրամանատարությունը, որը պատասխանատու է ռազմավարական նշանակության շրջանների հակաօդային պաշտպանության համար։
Առանցքային օբյեկտների թվում են Կիևը, Չեռնոբիլի ատոմակայանը, կարևոր տրանսպորտային հանգույցները և ռազմական ենթակառուցվածքները Ուկրաինայի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական մարզերում։
Այս պաշտոնում նա գտնվել է մինչև Ռազմաօդային ուժերի հրամանատար նշանակվելը։
2023 թվականի սեպտեմբերին Զելենսկին Կրիվոնոժկոյին շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում և «Ոսկե աստղ»։