
«Հայերը Վրաստան ինչպե՞ս են գնում, հայկական կողմից հայերն են, վրացական կողմից՝ վրացիները, նույն ձևով էլ մեզ մոտ պետք է լինի». Մովսես Հակոբյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սյունիքի մարզ։ Նա հանդիպել է Սյունիքի մարզպետի և համայնքապետերի հետ, խոսել Սյունիքով Ադրբեջանի հետ ճանապարհ բացելու «անհրաժեշտության» մասին։
«Սյունիքը դառնալու է Հայաստանի զարգացման դարպասները, եթե մենք կարողանում ենք դարպասները բացել, նկատի ունեմ 43 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն՝ վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է մեզ տալու»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ հուլիսի 16-ին հրավիրված իր ասուլիսի ժամանակ չհերքեց Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տալու վերաբերյալ խոսակցությունները, նաև չհերքեց, որ Միացյալ Նահանգների կողմից եղել է առաջարկ՝ 100 տարով վարձակալել ու վերահսկել այն հատվածը, որտեղ բացվելու է «միջանցքը»։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ այս ճանապարհը պետք է բացվի և վերահսկվի այնպես, ինչպես աշխարհի շատ ճանապարհներ։
«Ինչպես բացվում են տարբեր երկրների ճանապարհներ, այնպես էլ մեզ մոտ պետք է բացվի։ Աշխարհում ինչպե՞ս են մարդիկ տարբեր ճանապարհներով գնում այլ երկրներ, օրինակ, հայերը Վրաստան ինչպե՞ս են գնում, հայկական կողմից հայերն են, վրացական կողմից՝ վրացիները, նույն ձևով էլ մեզ մոտ պետք է լինի։ Այլ տարբերակ չեմ պատկերացնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից վերահսկողություն իրականացնելու առաջարկին, Մովսես Հակոբյանն ասաց, որ դրանք դեռևս խոսակցություններ են։
«Ինքս առհասարակ դրանից տեղյակ չեմ, այս պահին դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա»,- ասաց Մ. Հակոբյանը։
Հարցին՝ ի՞նչ է կարծում, ինչո՞ւ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չեն իրականացվում, որը նախորդ տարի ապրիլին մեծ թափ էր հավաքել, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Ինքս տեղյակ չեմ, թե այդ գործընթացում ինչ է կատարվում, բանակցողները կիմանան։ Նաև չեմ կարող ասել՝ Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիան որքանով է հնարավոր, քանի որ ինքս իրավիճակին չեմ տիրապետում, հետևաբար՝ գնահատական չեմ կարող տալ»։