
Թրամփն անդառնալիորեն փոխել է համաշխարհային կարգը. Politico

Նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի իշխանության գալուց վեց ամիս անց ազգային անվտանգության էլիտայի ներկայացուցիչներն Ասպենի անվտանգության ամենամյա համաժողովում ընդունել են, որ այս նախագահն անդառնալիորեն փոխել է համաշխարհային կարգը, գրում է Politico-ն։
ԱՄՆ-ի և այլ երկրների նախկին ու ներկա պաշտոնյաները, բիզնեսի առաջնորդներն ու վերլուծաբանները հրապարակային և մասնավոր զրույցներում ընդունել են, որ Թրամփի վարչակազմը լուրջ հարված է հասցրել ազատ առևտրի և երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռք բերված կոնսենսուսին։
«Պետք է ընդունենք, որ, հավանաբար, մենք այլևս չենք վերադառնա հենց այդ համակարգին», – գագաթնաժողովի եզրափակիչ նիստում հայտարարել է նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։
Ռայսը Aspen Strategy Group-ի համանախագահն է, որն ամեն տարի Ժայռոտ լեռներում ազգային անվտանգության հարցերով համաժողով է անցկացնում։
Նրա խոսքերն արտացոլում են Թրամփի երկրորդ վարչակազմի ապշեցուցիչ արդյունավետությունը, որն իր կառավարման առաջին վեց ամիսների ընթացքում ջախջախիչ հարված է հասցրել ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները, ռազմական ուժի կիրառումը և վստահելի գործընկերների ու դաշինքների հետ փոխգործակցությունը կարգավորող նորմերին ու կոնվենցիաներին։
Այն նաև վերահսկել է արտաքին քաղաքական խնդիրներով զբաղվող գործակալությունների լուծարումը, առաջին հերթին՝ այժմ գոյություն չունեցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և կրճատել է հետախուզական համայնքի, Պենտագոնի և Պետդեպարտամենտի աշխատակազմերը։
Վարչակազմը հայտարարել է, որ այդ քայլերն անհրաժեշտ են ավելի նպատակային և արդյունավետ արտաքին քաղաքական գործընթաց ստեղծելու համար, որը կարող է ամերիկյան շահերն ամեն ինչից վեր դասել։
Սակայն քննադատները հայտարարում են, որ այսպես ԱՄՆ-ն նվազեցնում է ճգնաժամերին արձագանքելու իր կարողությունը, կորցնում է դաշնակիցների վստահությունը և խաթարում համաշխարհային տնտեսությունը՝ քաղաքականության նկատմամբ նման ռազմատենչ մոտեցում կիրառելով։ Ամեն դեպքում, Ասպենի համաժողովի մասնակիցները փորձում են հարմարվել «Ամերիկան՝ առաջին հերթին» սկզբունքների վրա հիմնված համաշխարհային կարգին։
Հաշվի առնելով վարչակազմի սահմանափակ ներկայությունը՝ մասնակիցները ստիպված են եղել իրար մեջ որոշել, թե ինչպես արձագանքել արտաքին քաղաքականության մեջ նախագահի կատարած բազմաթիվ փոփոխություններին։
Համաժողովի հիմնական մոտեցումը, ըստ ամենայնի, Թրամփի թիմի հետ առճակատումից խուսափելն էր։ Գովեստի բազմաթիվ խոսքեր են հնչել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունների և իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հաջող ավիահարվածների համար, որոնք հանգեցրել են Թեհրանի միջուկային ներուժի թուլացմանը, նշում է պարբերականը։
Իսկ Թրամփի ձեռնարկած դաշնային գործակալությունների և դեպարտամենտների բարեփոխումն ընդունվել է հնազանդությամբ և նույնիսկ որոշակի լավատեսությամբ։ Ոչ պաշտոնական զրույցներում որոշ մասնակիցներ ընդունել են, որ վաղուց ժամանակն է, որ Պետդեպարտամենտը բարեփոխումներ իրականացնի՝ վերջ տալու տասնամյակների բյուրոկրատիային։ Հիմնական բողոքը կապված էր կրճատումների անցկացման ձևի հետ։
Նիստերից մեկի ժամանակ, որտեղ քննարկվում էր արտաքին օգնության ապագան, բանախոսները համաձայնել են, որ Աֆրիկայի Մեծ լճերի տարածաշրջանում կարևորագույն օգտակար հանածոների հասանելիություն ստանալու Թրամփի վարչակազմի ձգտումը հնարավորություն է ընձեռում դաշինքներ ստեղծելու այն երկրների հետ, որոնց հետ վերջին տարիներին ձգտում էր մերձենալ Չինաստանը։
Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, բանախոսներն արագ նշել են, որ պրոտեկցիոնիստական միտումները, որոնց կողմնակից է Թրամփը, աջակիցներ են գտնում ԱՄՆ-ի ողջ գաղափարական սպեկտրում։