ՊՆ-ն ՈՒ ԲՏԱ-ն նայող ծերունի Անդոն

Անդրանիկ Քոչարյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա. համացանցը ողողված է նրա մասին նյութերով։ Միայն թե աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնում նրա գործունեության շրջանը (1994-96թթ․), լինելով լրատվամիջոցներում ու քաղաքական շրջանակներում ամենաքննարկվողը, մնում է ամենամութը, որովհետև մութ գործերի ապացույցները չեն պահպանվել։

Ուստի մեր հերոսի սխրանքներով լի վերջին տարիների գործունեության կարևոր պատառիկները մոռացությունից փրկելու նպատակով որոշեցինք ի մի բերել եղածը։

Որպես սկիզբ առանձնացնենք երկու նախարարություն՝ պաշտպանության ու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, և երեք առևտրային ընկերություն՝ «Արագած», «Արսենալ» և «ԱյԴիԷս»։ Նախարարությունները նրա թիրախներն են, նշված ՍՊԸ-ները՝ նրա հիմնական գործիքները։ Հիշյալ թիրախների ու գործիքների օգնությամբ նա ամեն կերպ ձգտում է որոշիչ դիրքեր գրավել ՊՆ-ի և ԲՏԱ-ի մատակարարումների ու ծառայությունների մատուցման անհատնում շուկայում։

Տարիքն ու փորձը լավ խորհրդատուներ են, և նա հարկավոր մարդկանց գրեթե համոզել է, որ ինքն է որոշում, թե ում պետք է հասնեն պետական գնումները (որոնց մեծ մասը ենթակա չեն հրապարակման և կատարվում են «գնում մեկ աղբյուրից» ընթացակարգով)։

Կարդացեք նաև

Իր առանձնաշնորհյալ կարգավիճակի մասին զրույցները նա անցկացնում է կամերային պայմաններում, խնջույքի սեղանների շուրջ։ Ճիշտ է, Ա․Քոչարյանը ղեկավարում է ԱԺ 8 մշտական հանձնաժողովներից մեկը և այդ պաշտոնին է ավելի քան 6 տարի, սակայն ԱԺ նախագահը և նրա տեղակալները միասին ի զորու չէին լինի ազդել «GLOCH» տեսակի ատրճանակներ (Ավստրիա) գնելու ՆԳՆ-ի ղեկավարության որոշման վրա։ Ասում են՝ նա ի զորու եղավ։

Ենթադրում ենք, որ պետգնումների «զենք, զինամթերք, զինվորական տեխնիկա, սարքավորում և հանդերձանք» բյուջետային տողի նկատմամբ նա սևեռվել է հեռավոր 2019թ․ հունվարից, երբ ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ։ Դրված նպատակին հասնելու համար Անդրանիկ Քոչարյանը նախ փորձեց ստանձնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խնամակալությունը, սակայն՝ ապարդյուն։

Իսկ ահա պատերազմում պարտությունից հետո պաշտպանության նախարար նշանակված Վաղինակ Հարությունյանի պաշտոնավարումը երանության շրջան էր Քոչարյանի համար։

Եթե չեք մոռացել, առաջին անգամ նրանք կառավարությունում միասին եղել են Արամ Զ. Սարգսյանի թիմում (երբ վերջինս 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո նշանակվեց վարչապետ) և մնացին այնքան, մինչև Քոչարյանը նրանց ուղարկեց հանգստի։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ Վաղարշակ-Անդրանիկ տանդեմի կատարած օրինախախտումների կոնկրետ փաստեր դեռևս չունենք, սակայն չենք կարող շրջանցել այդ ժամանակ ՊՆ-ում թևածող խոսքը՝ «Նախարարը դե յուրե Վաղարշակն է, դե ֆակտո՝ Անդոն»։

2021թ․ օգոստոսի 2-ին պաշտպանության նախարար դարձած Արշակ Կարապետյանի 100-օրյա պաշտոնավարման առաջին օրերին Անդրանիկ Քոչարյանը նախկինի պես պահպանում էր «դե ֆակտո» կարգավիճակը, բայց կադրային զինվորական Արշակը հասցրեց սանձել նրան և դուրս պրծնել ստվերային կուրատորի «երկաթյա բազուկներից»։

Սուրեն Պապիկյանի հետ հարաբերություններն Անդրանիկ Քոչարյանը կառուցել է շատ ավելի ճկուն կերպով, նա խուսափում է առճակատումից և աշխատում է մրցակցային սկզբունքով՝ ցույց տալով, որ զինամթերքի մատակարարման բարդ գործում ինքը գերազանցում է դե յուրե նախարարին։

Ռուսական մեր աղբյուրը պնդում է, որ Անդրանիկ Քոչարյանը պետական բյուջեի նկատմամբ իր կոմերցիոն շահերն արդարացնելու նպատակով ճանապարհներ է փնտրում կապեր հաստատելու այնպիսի հզոր պետական ձեռնարկությունների ղեկավարների (կամ գոնե նրանց շրջապատի) հետ, ինչպիսիք են Սերգեյ Չեմիզովը («РОСТЕХ») և Ալեքսանդր Միխեևը («РОСОБОРОНЭКСПОРТ»)։ Ընդ որում, չի բացառվում, որ ՀՀ ՊՆ-ում և ԲՏԱ-ում այդ մասին այս հրապարակումից կիմանան, քանի որ Ա. Քոչարյանի անձնական նախաձեռնության մասին Մոսկվայում սահմանափակ թվով մարդիկ գիտեն։ Հաջող ելքի պարագայում Քոչարյանն իրավունք կունենա Հայաստանի կառավարությունում ներկայանալ, որ Ռուսաստանում «հարց լուծող տղան» ոչ թե Պապիկյանն է, այլ ինքը։

Փաստորեն, անուղղակիորեն հաստատվում են լուրերն այն մասին, որ այս սեպտեմբերին նշանակված ՔՊ համագումարից և 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ անբասիր հեղափոխականներին շտապ փող է պետք՝ թե՛ անձնական բարեկեցության ամուր հիմքեր ստեղծելու, թե՛ ընտրապայքարը ֆինանսավորելու համար։

Թո՛ղ տպավորություն չստեղծվի, թե իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ Քոչարյանի ջանքերն ապարդյուն են անցնում։ Որոշ, թեկուզ՝ փոքր, հաջողություններ կան։ Օրինակ՝ անուրանալի է ոչ անհայտ Արծրուն Հովհաննիսյանի ռեաբիլիտացիայի հարցում Քոչարյանի վաստակը։ Պատերազմում պարտության հաջորդ օրը Քոչարյանը շատերի կողմից մերժված Արծրունին նշանակեց իր հանձնաժողովի փորձագետ, 2023թ. սեպտեմբերին՝ Վ․ Սարգսյանի անվ․ ռազմական ակադեմիայի մարշալ Հով․ Բաղրամյանի անվ․ հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ և խոստացավ պաշտպանության փոխնախարարի պաշտոն։

Չմոռանանք նաև Աշոտ Զաքարյանին ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու գործում Քոչարյանի վճռորոշ դերը․ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են գրեթե 30 տարի՝ Գյումրիում աշխատանքի շրջանից։ Անդրանիկ Քոչարյանի մերձավորագույն շրջապատը վերջերս համալրեց Արտյոմ Մեհրաբյանը, որը Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենից փոխադրվելով ԲՏԱ նախարարության  ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի աթոռին՝ ի վերջո նախընտրեց վարկաբեկված Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Ըստ ամենայնի, լիազորությունների ավարտին մոտեցող ԱԺ-ում «շեֆին» հասանելի լինելը տրանսֆորմացիայի այս շրջանում ավելի կարևոր է։

Ի՞նչն է դրդում Անդրանիկ Քոչարյանին դեպի նոր արկածներ՝ վաղեմի փառքի կարո՞տը, անխռով ծերություն ապահովելու հո՞գսը, թե՞ խարդավանքների չմարող եռանդը։ Վստահ եմ՝ բոլորը միասին։ Այս բացառիկ ընդունակ սնափառ ինտրիգանը հետ չի կանգնի իր ու մերձավորների կենսական կարիքները հոգալու նպատակից՝ թեկուզ հերթական, բայց վերջին անգամ գահավիժելու վտանգին ենթարկվելու գնով:

ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031