Ինչո՞վ են վտանգավոր Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում ընդունված բանաձևերը

Մինչ համաշխարհային ու ռեգիոնալ տերությունների ուշադրությունը կենտրոնացած էր Իրան-Իսրայել պատերազմի ուղղությամբ, Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում հայատյաց բանաձևերի մի ամբողջ շարք ընդունվեց։

Ըստ ԻՀԿ մասնակից երկրների մամուլի հրապարակումների, նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթն Ադրբեջանի նախաձեռնած հինգ բանաձևերի հետ մեկտեղ՝ «Ստամբուլի հռչակագիրն» է դարձել։

Նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձև։

Բացի այդ, նշվում է, որ Ստամբուլի հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը և կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները»։ Ըստ հրապարակումների, հռչակագիրը նաև աջակցություն է հայտնում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին, ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի կեղծ իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումն այդ հարցում երկխոսություն սկսելուց։

Կարդացեք նաև

Ընդունվել են նաև «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևեր, որոնցից բոլորի մեջ  կա աջակցություն Ադրբեջանին, համապատասխանաբար՝ ՀՀ-ին ուղղված կոչեր ու քննադատություններ։

Ընդունվել է մեկ այլ ադրբեջանամետ բանաձև ևս՝ «Իսլամական պատմական և մշակութային հուշարձանների և ժառանգության ոչնչացումն ու վնասումը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունք» վերնագրով, որն իբրև թե դատապարտում է Հայաստանի Հանրապետության վանդալիզմն ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ: Այն նաև աջակցում է Ադրբեջանի կոչին՝ փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար:

Իսկ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել էր․ «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։ Նա, մասնավորապես, ասել էր․ «Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։

Այս ոլորտում ուշադրության կարիք ունեցող հարցն անցյալ դարի սկզբից ի վեր «Արևմտյան Ադրբեջանից»՝ Հայաստանի տարածքից հարյուր-հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանումն ու նրանց էթնիկ զտումներն են։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,- նշել էր Ալիևը։

ԻՀԿ այս բանաձևերից հետո ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն տարածեց՝ խոր հիասթափություն հայտնելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

«Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն էլ, ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի այս հայտարարության, ասել է՝ իբրև թե Խաղաղությանն իր հանձնառության մասին Հայաստանի հայտարարությունները չեն համապատասխանում նրա գործողություններին։

«Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագիրը, մինչդեռ Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ կարևորագույն հարցերի շուրջ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում», – հայտարարել է Հաջիզադեն։

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ադրբեջանը, ինչպես երևում է, այդ կազմակերպության շրջանակում բավականին լայնածավալ աշխատանք է տարել, որպեսզի փաթեթային կերպով իր բոլոր նախաձեռնություններն ընդունվեն այս նստաշրջանի ընթացքում։

Ըստ նրա, բանաձևերն իրավական ներուժ չունեն, Հայաստանի համար, որը կազմակերպության անդամ չէ, կարևոր չեն, բայց դրանք էական են՝ ելնելով մի քանի պատճառից։

Վիկտոր Նադեին-Ռաևսկու կարծիքով՝ բանաձևերում արտացոլված գաղափարների, պահանջների, խնդիրների շուրջ հարցեր բարձրացնող երկրները համակիրներ են ձեռք բերում բանաձևերին հավանություն տված երկրների շրջանում։

Բացի այդ, նրա խոսքով, այդ գաղափարները տարածվում են, միջազգային արձագանքներ ստանում, ինչն օգնում է դիվանագիտությանը կամ թույլ է տալիս մտածել, որ օգնում է։ Ուստի,  ըստ նրա, դրանք չի կարելի անտեսել, պետք է համապատասխան արձագանք ցուցաբերել և աշխատել դրանց հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնելու համար։

«Այս դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ սրանով Ադրբեջանը ցույց է տալիս իր հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, սա տեղի է ունենում հրապարակային, և այս հարցում պետք է միջազգային համապատասխան հարթակներում աշխատել ակտիվ՝ ներկայացնելով թե՛ պատմությունը, թե՛ Ադրբեջանի հավակնությունները, հատկապես, երբ պատմությունը ներկայացվում է խեղաթյուրված՝ ի օգուտ Ադրբեջանի։ Սակայն Ադրբեջանը նման պահանջներ ներկայացնելու որևէ հիմք չունի, քանի որ անցյալում բոլոր հարցերը սպառվել են։

Ավելի հետաքրքիր է, երբ այս ամենը տեղի է ունենում հիմա, երբ իբրև թե պետք է Երևանն ու Բաքուն խաղաղություն կնքեն, երբ տպավորություն է, որ չկան հավելյալ խնդիրներ ու համաձայնագիր կարող է ստորագրվել։ Փաշինյանն է Թուրքիա մեկնում, կարծես Թուրքիայի հետ հարաբերություններում ևս ամեն բան պետք է ավելի դրական հունով ընթանա, սակայն, ինչպես տեսնում ենք, նման բանաձևեր են մշակել և ընդունել այս երկրներն ավելի լայն համագործակցության՝ ԻՀԿ-ի շրջանակում։ Լավ է, որ ԱԳՆ-ն արձագանքել է, սակայն, ինչպես նշեցի, պետք է ավելի ակտիվ աշխատել՝ այս ամենի հետևանքները չեզոքացնելու համար»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս