
Սեփական կոռուպցիան կոծկելու անկարողությունը սկսել է նյարդայնացնել ՔՊ-ականներին

Իշխանականների շրջապատում վխտացող կոռուպցիայի վերաբերյալ բացահայտումներն ու բարձրաձայնումներն ակնհայտորեն նյարդայնացնում է ՔՊ-ականներին։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե իր թիկունքում որևէ մեկը չի կարող ներգրավված լինել կոռուպցիոն գործարքների մեջ, բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում իշխանության մեջ, ինչպես են «չոր աշխատավարձով» ապրող ՔՊ-ականներն արագորեն հարստացել՝ իշխանական աթոռներին հայտնվելուց հետո։
Նախկիններին էին մեղադրում ծակ կոշիկներով իշխանության գալուց հետո միլիոններ կուտակելու մեջ, իրենք ծակ գրպաններով իշխանության եկան ու կարճ ժամանակում հասցրեցին կարողությունների տեր դառնալ։
Սեփական կոռուպցիոներներին սանձելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը նախկիններին է մեղադրում կոռուպցիայի մեջ։ Արդարացում է գտել. Ասում է՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունն այն ուժը չէ, որը պետք է խոսի կոռուպցիայի մասին։ Իսկ մի՞թե ՔՊ-ն այն ուժն է, որն իրավունք ունի խոսելու կոռուպցիայի մասին։ ՔՊ-ականների իշխանությունը ոտով-գլխով մտել է կոռուպցիայի մեջ։ Կոռուպցիան կոռուպցիա է, ու ոչ մի նշանակություն չունի, թե խոսքն ինչ գումարների մասին է։ Կոռուպցիան մեծ ու փոքր չի լինում։
Կոռուպցիան համատարած վխտում է իշխանական կուլիսներում, ու դա նաև միջազգային կառույցների հարցումներն են փաստում։ Վերջերս Համաշխարհային բանկը մի ուսումնասիրություն էր կատարել գործարարների շրջանում։ Հարցումները ցույց էին տվել, որ խոշոր բիզնեսը Հայաստանում գործարարության համար հիմնական խոչընդոտը համարում է կոռուպցիան։ Հարցման մասնակից 100-ից ավելի աշխատող ունեցող 42 ձեռնարկատերերից 18-ի կամ գրեթե 43 տոկոսի պատասխանն այդպիսին էր եղել։ Նրանք կոռուպցիան համարել էին գործարարության հիմնական խոչընդոտը։
Սա իշխանության ներսում ծվարած կոռուպցիայի լավագույն գնահատականն է։ Ու եթե իշխանականները չեն բարեհաճում բացահայտել սեփական շրջապատում վխտացող կոռուպցիան, դա չի նշանակում, թե այն չկա։ Կոռուպցիայի դրսևորումներն այսօր բազմազան են՝ հովանավորչությունից սկսած, վերջացրած պաշտոնական դիրքի չարաշահումներով։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի կինը բարեգործության անվան տակ ճաշկերույթներ է կազմակերպում, գործարարներից գումարներ է շորթում, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Նույնը կարո՞ղ էր անել, եթե չունենար ամուսնու բարձր հովանավորությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, գործարարները նույն «հոժարակամությամբ» միլիոններ կնվիրաբերեի՞ն Աննա Հակոբյանի հիմնադրամին, նաև ՔՊ կուսակցությանը։
Կամ, որ վերջին շրջանում Աննա Հակոբյանի անունը հաճախ է կապվում իշխանական նոր ու հին օլիգարխների միջոցով տարբեր բիզնես ու ոչ բիզնես պրոյեկտներում մասնակցության հետ, հովանավորչությո՞ւն է, թե՞ ոչ։
Կոռուպցիան իշխանության ներսում համատարած է։ Կոռուպցիա է, երբ ՔՊ-ականներն էժան գներով բնակարաններ են ձեռք բերում նորակառույց շենքերում։
Որքան էլ ՔՊ-ական տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, ով իր պաշտոնավարման շրջանում միլիարդավոր դրամների շինարարական մրցույթների հետ էր առնչվում, հիմնավորի, թե 300 հազար դոլարանոց առանձնատունը եղբայրների փողերով է կառուցվում մոր համար, բոլորն էլ հասկանում են, որ դա բլեֆ է։ Ու եթե դրանում իշխանությունները կոռուպցիոն ռիսկեր չեն բացահայտում, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի։ Նույնը՝ նաև բազմաթիվ այլ ՔՊ-ականների, այդ թվում՝ Տիգրան Ավինյանի պարագայում, որը վերջերս մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն էր գնել։
Շատ հաճախ այդպիսի գնումները հիփոթեքով են անում՝ հետագայում կոռուպցիայի հետքերը մաքրելու համար։
Կամ, երբ բարձրաստիճան պաշտոնյան միլիարդանոց մրցույթ է կազմակերպում, հետո հայտնվում այն ընկերությունում, որը շահում է այդ մրցույթը, այստեղ կոռուպցիա կարո՞ղ է լինել, թե՞ ոչ։
Պետական բյուջեի հաշվին մեկ անձից տարեկան տասնյակ միլիարդավոր դրամների հասնող գնումներ են կատարվում։ Ինչպե՞ս է լինում, որ այդ գնումներում մշտապես հաղթում են նույն ընկերությունները, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են իշխանությունների հետ։
Այն, որ ամեն տարի բյուջեի հաշվին նույն տեղում ասֆալտ են փռում, ու կրկին քանդվում է, դրանում կա՞ կոռուպցիա, թե՞ չկա։
Չինական հայտնի ավտոբուսների գնման պատմությունը հավանաբար շատերը կհիշեն, երբ նույն տիպի ավտոբուսի գնման համար վճարել էին 44.720 մլն դրամ, մյուս դեպքում՝ 44.249 մլն դրամ։ Առաջին հայացքից՝ երկրորդ գնումը նույնիսկ ավելի էժան էին արել։ Բայց մոռացել էին, որ նախորդ գնման ժամանակ դոլարն արժեր 480 դրամ, երկրորդի ժամանակ՝ 390-400 դրամ։ Ու այնպես էր ստացվել, որ առաջին դեպքում 1 ավտոբուսի համար վճարել էին 85-86 հազար դոլար, երկրորդ դեպքում՝ գրեթե 110 հազար դոլար։ Երբ հայտնի դարձավ, որ մի քանի միլիոն դոլար կորել է ավտոբուսների գործարքի մեջ, ծածկադմփոց անելու համար՝ հայտարարեցին նույն գումարի շրջանակներում լրացուցիչ 10 ավտոբուսի ձեռքբերման մասին։
Եթե այս ամենը չհրապարակայնացվեր, այդպես էլ չէր իմացվի, թե ավտոբուսների գործարքի մեջ ինչքան գումարներ կարող էին անհետանալ։ Բայց այդպես էլ իրավապահներն այստեղ կոռուպցիա չտեսան։
Իրավապահները, բնականաբար, կոռուպցիա կամ հովանավորչություն չեն տեսնում նաև նրանում, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը «Հայփոստում» տարեկան միլիոնավոր դրամների աշխատավարձ ստանալուց հետո, սահուն հայտնվում է տնօրենի պաշտոնին։
Կարո՞ղ է լինել սրանում քաղաքական կոռուպցիա ու հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում, որևէ մեկը չի կարող ժխտել, որքան էլ փորձեն արդարացնել, թե խորհուրդն է Հայկ Կոնջոյանի կնոջն ընտրել տնօրեն։ Պարզ է, որ այդ խորհրդում էլ պատահական մարդիկ չեն։
Կոռուպցիայի ու հովանավորչության բացահայտ դրսևորում է այն, երբ տասնյակ միլիոնավոր դոլարներ անհետանում են պետական բյուջեից, ու իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողանում գտնել դրա մեղավորներին, առավել ևս՝ պատասխանատվության չեն կանչում։ Բոլորը գիտեն, թե ովքեր են եղել կանգնած այդ ամենի գլխին, բայց մեղավորներ չկան։ Հասարակական ճնշման արդյունքում ստիպված եղան մեկ-երկու դրվագով գործը տեղից շարժել։ Այն դեպքում, երբ նման դրվագները բազմաթիվ են ու լցված համատարած կոռուպցիոն ռիսկերով։
Բայց իշխանությունները ցանկություն չունեն բացահայտել իրենց շրջապատի կոռուպցիոն գործերը։ Նախկինները պիտի լինեն, որ իրավապահ բոլոր կառույցներով հարձակվեն, մեղադրանքներ ներկայացնեն, ափալ-թափալ կալանքի տանեն, սրտաճմլիկ հաղորդագրություններ տարածեն՝ պետությանը թալանելու վերաբերյալ։
Իշխանությունների ու նրանց շրջապատի թալանն ու կոռուպցիան իրավապահները չեն տեսնում, կտեսնեն, երբ քաղաքական պատվեր կլինի։ Երբեմն-երբեմն մանր-մունր պաշտոնյաների ձերբակալելով՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են ուզում ստեղծել։ Բայց մարդիկ տեսնում են, որ կոռուպցիան երկրում վխտում է։ Նախկիններին մեղադրելով, այլևս անհնարին է թաքցնել իրենց շրջապատի կոռուպցիան, փաստերը բազմաթիվ են, ու երբ դրանք ի ցույց են դրվում՝ «կլիենտն» ակնհայտ նյարդայնանում է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ