Բաժիններ՝

Իրանի զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը. Բաղայի

Ցանկացած արտաքին ագրեսիա Իրանի նկատմամբ կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց ունակությունը: Մենք ամբողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, ապա նրանք անմիջապես համապարփակ պատասխան կստանան», – ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում: 

«Իսլամական հանրապետության հասցեին ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա», – հավելել է նա։Խոսնակը նաև նախազգուշացրել է հարևան երկրներին՝ իրենց տարածքը հարթակ չդարձնել Իրանի վրա հարձակումների համար։«Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում, որ երրորդ անձանց ցանկացած փորձ՝ իրականացնելու սադրանքներ և հրկիզումներ (իրենց տարածքից), կունենա իր  հետևանքները։ Կրակի բնույթն այնպիսին է, որ այն արագորեն տարածվում է», – նշել է Բաղային։

Ապրիլի 6-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։ Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, բայց նախազգուշացրել էր, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռական հակահարված կստանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930