
«Արդյունավետ» աշխատանքի մաստեր կլաս Տիգրան Ավինյանից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերևս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով գործով ապացուցում է, որ իրենց կողմից տրված նախընտրական խոստումներն ընդամենը հռետորաբանություն են։ Ավինյանը, ով առաջին իսկ օրվանից թմբկահարում էր Երևանի ու երևանցիների հարմարավետ կյանքի համար մեծ ծրագրեր իրականացնելու մասին, ըստ էության, վերածվել է խոստումներն ու իր ուղիղ պարտականությունները չկատարած քաղաքապետի։ Ակամայից հիշում ենք դեռ 2022թ. Փաշինյանի խոսքերը, թե քաղաքային կառավարումը պետք է արդյունավետության օրինակ լինի։ Չէ, սա միանշանակ Տիգրան Ավինյանի ու Երևանի ավագանու իշխող մեծամասնության մասին չէ։
Ավինյանի ու իր թիմի անարդյունավետ աշխատանքի արգասիքներին երևանցին բախվում է յուրաքանչյուր օր՝ տրանսպորտի համար թանկ ուղեվարձ գնելով, ոչ բարվոք ճանապարհներով երթևեկելով, մեքենան կայանելու համար աստղաբաշխական գումարներ վճարելով, իր տան շրջակա ու քաղաքի տարբեր հատվածներում կուտակված աղբը տեսնելով, քաղաքի աղտոտված օդը շնչելով, պատշաճ ձնամաքրումը չիրականացնելու պատճառով պարալիզացված քաղաքում ժամերով Ա կետից Բ կետ ցրտին ստիպված ոտքով քայլելով ու մերկասառույցների պատճառով կոտրվածքներ ստանալով։ Ցանկը կարելի է դեռ երկար թվարկել, բայց մանիպուլյացիայի բոլոր գործիքներին գերազանց տիրապետող ՔՊ-ականները, իհարկե, կշտապեն արձագանքել, թե այս ամենը սուբյեկտիվ կարծիք է կամ ընդդիմադիրների հերթական չարախոսությունը։ Շատ լավ, կխոսենք փաստերով։
Բոլորիս հայտնի է, որ որևէ նոր բան ստեղծելու կամ բարելավելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է ֆինանսական ռեսուրսի ծախս։ Այժմ պատկերացրեք, որ արվում են հայտարարություններ, տրվում են խոստումներ, բայց հետո թղթի վրա տեսնում ես, որ որպես այդպիսին՝ ոչ մի ֆինանսական ռեսուրս այդ խոստումներն իրականացնելու ուղղությամբ չի ծախսվել։ Այդ թուղթն էլ ո’չ գործող իշխանության ընդդիմախոսներն են կազմել, ո’չ հասարակ երևանցիները, այլ հենց Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարվող Երևանի քաղաքապետարանը։ Կազմել են նախորդ տարվա՝ 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, հրապարակել, այնուհետև դրել ավագանու նիստի քննարկմանը, ավելին՝ կողմ քվեարկել։
Ավինյանն ու իր թիմը թղթի վրա խոստովանել են, որ անցած տարվա ընթացքում երևանցիների համար կենսական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացման մեծ մասով թերացել են, իսկ առանձին ծրագրերի դեպքում նույնիսկ պլանավորվածի կեսը չեն արել։
1. Կամրջային կառուցվածքների վերականգնում ու պահպանում՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 38.3%-ը։
2. Փողոցների, հրապարակների, այգիների կահավորում`կատարվել է պլանավորվածի ընդամենը 34.7%-ը։
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում ու հիմնանորոգում`կատարվել է պլանավորվածի ընդամենը 35%-ը։
4. Փողոցների պահպանում ու շահագործում՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 13%-ը։
5. Երևան քաղաքի լուսավորություն՝ կատարվել է պլանավորվածի ընդամենը 13%-ը։
6. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում՝կատարվել է պլանավորվածի 0%-ը։
Այո, մեր ընթերցողը շատ ճիշտ կարդաց։ Նախընտրական քարոզչության հիմնասյուն հանդիսացող մետրոյի նոր «Աջափնյակ» կայարան կառուցելու ու այն արագ շահագործման հանձնելու մասին խոստումը շարունակում է իրականություն լինել միայն բառերի մակարդակով` զրոյական կատարողական։
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Ավինյանի ու իր թիմի ձախողում։
Առանձին պատմություն է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցումն ու հիմնանորոգումը, որոնք Փաշինյանն անձամբ է մշտապես ներկայացնում՝ որպես իր առաջնահերթ նպատակ։ Կային հատկացված միջոցներ՝ 2,227.7 մլն դրամ, բայց դրա միայն 35%-ն է ծախսվել։
«Մեր ապագան մեր երեխաներն են»,- ասում էր Փաշինյանը. ինչպիսի հակասություն հայտարարված քաղաքականության և փաստացի արդյունքների միջև։ Հետևաբար՝ ասել, թե ծրագրերը չեն իրականացվում ֆինանսական խնդիրների պատճառով, չի ստացվի։
Խնդիրը կառավարման անարդյունավետ մեթոդներն են, գերատեսչական անփութությունը կամ իրականում այլ առաջնահերթություններ ունենալը։ Չէ՞ որ, օրինակ, ավտոկայանման դրուքաչափերի բարձրացման նախագիծը շատ էլ արագ իրականացվեց, ինչով և 2024թ.-ին ապահովվեց Երևան քաղաքի բյուջե մտնող գումարների հոսքը։ Գումար հավաքել ուզում են, ծախսել՝ ոչ։
Ձախողված ծրագրերի ու Ավինյանի կառավարչական «հմտությունների» մասին խոսելիս անհնար է կրկին չհիշել, թե «արդյունավետության» ինչպիսի մաստեր կլաս ցույց տվեց վերջինս՝ որպես ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի) տնօրենների խորհրդի նախագահ։
1. 5 մլրդ դրամի ներդրում 8 oրվա հիմնադրման պատմություն ունեցող օֆշորային ընկերությանը, որը պատկանում է իր իսկ կնոջ ընկերուհուն: Ընկերությունն այդպես էլ որևէ ծառայություն ստացված գումարի դիմաց չի մատուցել։
2. 5 տարվա ընթացքում 2.7 մլրդ դրամի կամ 6.9 մլն ԱՄՆ դոլարի հատկացում ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղին, ու դրա դիմաց գրանցված զրո արդյունք։
3. ԱՆԻՖ հիմնադրամի կողմից ստեղծված «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի՝ հայտնի ինչպես «FlyArna», սնանկ ճանաչում, որի դեմ նաև դատական հայց է ներկայացրել վարձակալությամբ ինքնաթիռներ տրամադրող իռլանդական ընկերությունը։
4. Հիմնադրամի աշխատանքներում ներգրավված անձանց աստղաբաշխական աշխատավարձեր։
Հիշեցնենք, որ այս հիմնադրամի ստեղծման գաղափարը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Հիմնադրամը պետական գրանցում ստացել էր դեռ 2019թ. մայիսին, և 5 տարի անց՝ 2024-ի գարնանը, նույն կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել։ Հիմնադրամի սկանդալային ու կոռուպցիոն գործունեության մասին գիտեն բոլորը, քրեական գործը հարուցված է, բայց մինչ օրս մեղադրյալներ չկան։
Պետական միջոցների նման խոշոր վատնումները, որոնք տեղի են ունեցել ՔՊ-ական Տիգրան Ավանյանի կողմից ղեկավարվող կառույցում, կասկածի տեղիք են տալիս, որ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու մղումներն անկեղծ են։ Երբ հարցը վերաբերում է ԱՆԻՖ-ին, Փաշինյանը լղոզում է թեման, ասում, թե «ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի», բայց երբ հարցը վերաբերում է, օրինակ, նախկին ու այժմ իրեն ընդդիմախոսող պաշտոնյաներին, գործերը շատ արագ հասնում են դատարան, «բացահայտվում» են մեղադրյալները, տրվում կալանքի որոշումները։
Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ մի գեղեցիկ օր էլ չի պարզվի, որ նման մսխումների սխեմա տեղի է ունեցել նաև Ավինյանի ու ՔՊ-ականների կողմից ղեկավարվող Երևանի քաղաքապետարանում։ Գուցե «Աջափնյակ» մետրոյի կայարանն էլ ԱՆԻՖ-ի պես հերթական մի փուչիկն է, որը հանրությանը ներկայացվել է գրավիչ լուսանկարներով, բայց իրականում կիրառվելու է բյուջեի գումարները սեփական գրպանը դնելու նպատակով։ Փաշինյանի՝ «արդար Հայաստանի մոդել» կառուցելու խոստումները վերացական գաղափարներ են, որոնց վկայությունն իր իսկ կուսակցականների գործունեությունն է։
Օդում մնում է կախված մի հարց՝ ինչո՞ւ Փաշինյանն ու իր կուսակցականները չեն հետևում իրենց իսկ կողմից հայտարարված սկզբունքներին. Չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում։