
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ առաջիկա բանակցություններին, բայց չեն գտնվի Ռուսաստանի հետ նույն սենյակում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ռուս և ամերիկացի փորձագետները մարտի 24–ին Սաուդյան Արաբիայում հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում կքննարկեն նաև Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու ուղիները:
«Այնտեղ տեխնիկական խմբեր ներկա կլինեն: Ես այսպես եմ հասկանում՝ կլինի Ուկրաինայի և ԱՄՆ–ի հանդիպում, իսկ հետո մաքոքային դիվանագիտություն, ինչպես ասել են մեր ամերիկացի գործընկերները, ԱՄՆ–ն՝ Ռուսաստանի հետ»,- ասել է Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ ասուլիսում։