Զարուհի Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննսիյանը լսեց քո կանչը և ընտրեց Երևանը
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ այսօրվա նիստում
«Մեր սիրելի Երևան, աշխարհում ապրող հայերի երազ, Հայաստանի մայրաքաղաք և միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր։
Մեր կյանքի Երևան հնագույն արմատներով ոչ միայն ակնատես ես եղել քեզ զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված փոքր Հայաստանի, Արցախյան հաղթանակի, այլև 2013 թվականի ապրիլի 9-ին ականատեսը դարձար Նոր Հայաստանի` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ երդմանը և պատգամը ստանձնած հավատին և ուժին, կամքին և սիրուն:
Մեր ապագայի Երևան, լինելով շուրջ 10 միլիոն հայերի մայրաքաղաք, 2013 թվականի փետրվարի 18-ին փաստեցիր Մեծ հայկական հեղափոխության մասին և իրականացրեցիր Բարևի հեղափոխական արշավ` ասելով՝ Բարև Երևան, Բարև հեղափոխություն, Բարև հեղափոխական հայ ժողովուրդ:
Մեր այսօրվա Երևան, միլիոնավոր արտագաղթած հայերի ծննդավայր, հազարավոր ունեզրկված քաղաքացիների բնակավայր, Մեծն Թամանյանի նախագծած դիմագծի այլափոխման վտանգը զգացող անհանգիստ քաղաքացիների քաղաք:
Մեր մտահոգության և սպառնալիքների Երևան, քանի անգամ ես մասնակցել ընտրությունների, քանի անգամ ես քվեարկել խղճիդ համաձայն և ընտրել արդարությունը և քանի անգամ են գողացել ընտրությունդ…
Մեր անհնազանդության և վճռականության Երևան, անկախ բոլոր հանգամանքներից չես բացակայելու, չես հիասթափվելու, չես ընկրկելու, չես նահանջելու: 2013 թվականի մայիսի 5-ին մասնակցելու ես, ազատագրելու ես, նվաճելու ես և ունենալու ես հաղթանակ:
Մեր՝ դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երևան, շուրջ 25 տարի առաջ՝ անկախացման օրերին, դու կանչեցիր շատ շատերին: Րաֆֆի Հովհաննսիյանը լսեց քո կանչը և ընտրեց Երևանը: Կյանքը մեզ բոլորիս մշտապես ընձեռնում է հնարավորություն ընտրելու և մենք կամ ընտրում ենք, կամ համակերպվում: Հին փիլիսոփանեըը առաջընթաց են կանխատեսում նրանց համար, ովքեր փնտրում են և ընտրում են:
Ես փնտրում եմ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, ես ընտրում եմ Նոր Հայաստանը` 2013 թվականի մայիսի 5-ին մասնակցում եմ և ասում Բարև Երևան, քվեարկում եմ և ազատագրում բարձրաձայնելով Բարև Երևան, նվաճում եմ և հաղթում հանուն մեր սիրելի, կյանքի, ապագայի, այսօրվա, մտահոգության և սպառնալիքների, անհնազանդության և վճռականության, դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երևանի համար: Բարև Երևան: