
Պուտինը համաձայնել է Իրանի հարցով միջնորդ լինելու վերաբերյալ Թրամփի առաջարկին. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է Ռուսաստանի Դաշնությանը միջնորդ լինել Իրանի հետ միջուկային ծրագրի և տարածաշրջանային հարցերի շուրջ, և ՌԴ-ն համաձայնել է. այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:
Նշվում է, որ Թրամփն այդ մասին ուղիղ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փետրվարին կայացած հեռախոսազրույցում: Այնուհետև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են Սաուդյան Արաբիայում ռուս գործընկերների հետ:
Նշվում է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Իրանը հրապարակավ չեն հաստատել կամ չեն հերքել տեղեկությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Bloomberg-ի հարցմանն ի պատասխան ասել է.«Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը պետք է լուծեն բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով»: Նրա խոսքով՝ Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը առաջարկել է միջնորդ լինել Թեհրանի և Վաշինգտոնի միջև, ասել է, որ «բնական» է, որ երկրներն առաջարկեն իրենց օգնությունը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վաշինգտոնի շահագրգռվածությունը, որ Մոսկվան օգնի Իրանի հետ կապված հարցերում: Ըստ թերթի՝ Լավրովն ավելի ուշ ԱՄՆ-ի հետ հանդիպման մասին մանրամասներ է հայտնել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին, երբ նրանք հանդիպել են Թեհրանում:
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը հակասական ազդանշաններ է ուղարկել Իրանի վերաբերյալ: Սկզբում նա ասել է, որ նպատակ ունի վերադառնալ իր առաջին ժամկետի ընթացքում Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությանը, ինչպիսին է պատժամիջոցների վերահաստատումը: Սակայն Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է «անհապաղ» սկսել աշխատել «Իրանի հետ միջուկային խաղաղության համաձայնագրի վրա»։
Սակայն անհասկանալի է, թե Թեհրանը որքանով կընդունի Ռուսաստանի միջոցով ԱՄՆ-ի առաջարկները: Շատ կոշտ գծի կողմնակիցներ, որոնք գերիշխում են Իրանի հզոր ինստիտուտներում, ինչպիսիք են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դատական համակարգը, հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Վաշինգտոնի հետ հարաբերություններին: Անցյալ ամիս Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ Թրամփին չի կարելի վստահել, քանի որ նա դուրս 2018-ին դուրս է եկել Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագրից: